«Մոբայլ Սենթր»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վլադ Բազունցը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրը, որը բջջային «Մոբայլ Սենթր» հեռախոսների և աքսեսուարների խանութն է, պարեկները սահմանազատել են: Ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:Մինչ տեղում աշխատում էին ոստիկանները, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կին: Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Արգամ Ռաֆայելյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գուրգեն Ավետիսյանը:Օպերատիվորեն ժամանել են նաև Հյուսիսային բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Արմեն Ամիրաղյանի գլխավորությամբ: Այս պահին գլխավոր փորձաքրեագետ Դավիթ Նալբանդյանն ու ավագ փորձաքրեագետ Լևոն Կրիտյանը քննիչների հետ դեպքի վայրի զննություն են կատարում:Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Մահացած աղջիկը աշխատում էր նշված «Մոբայլ Սենթր»-ում և նա երբ ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան, ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված, 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը Արցախի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Խաչիկ Ա.-ն է:
© https://shamshyan.com/hy/article/2024/04/03/1258899