Ռուս մարզուհին երկու տարով որակազրկվել է ձիուն ծեծելու համար
ՍպորտՌուսաստանի ձիասպորտի ֆեդերացիան որակազրկել է ձիավարուհի Քսենյա Կոստիգովային՝ ձիու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Բելեցկին։
«Կոստիգովային ֆեդերացիան որակազրկել է երկու տարով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Այն, ինչ իրեն թույլ է տվել մարզուհին, բացարձակապես անընդունելի է թե՛ մրցաշարի ընթացքում, թե՛ դրանից դուրս։ Մենք կշարունակենք պատժել անփույթ մարզիկներին և ձիերի տերերին նման գործողությունների համար, մեր սպորտում կենդանու բարեկեցությունն առաջին տեղում է»,- ասել է Բելեցկին։
Նա նաև հավելել է, որ այս տարվա մարտին Յարոսլավլի մրցաշարում տեղի ունեցածը կարող է նկարագրել միայն «ձի ծեծել» բառերով։
Բելեցկին նշել է, որ սա հեծյալի մասնակցությամբ առաջին նման միջադեպը չէ։ Նա նախկինում նախազգուշացում էր ստացել ձիու հետ կոպիտ վարվելու համար: Այժմ աղջկան երկու տարով կարգելվի զբաղվել ձիասպորտի հետ կապված ցանկացած գործունեությամբ (այդ թվում՝ մարզչական)։