Էրդողանը պետք է հասկանա, որ ՌԴ–ի հետ բանակցությունների համար միայն Թուրքիան բավարար չէ. Զելենսկի
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է հասկանա, որ իր երկիրը բավարար չէ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու համար։
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով նրա հարցազրույցին։
«Թուրքիան մեզ օգնել է գերիների հարցում: Սա փաստ է, նրանք ցանկանում են միջնորդ լինել: Բայց նախագահ Էրդողանը պետք է իմանա, որ միայն Թուրքիան որպես միջնորդ մեզ համար բավարար չէ: Մեզ համար ավելի լավ է խաղաղության գագաթնաժողովի ձևաչափը: Չեմ կարծում, որ Թուրքիան միայնակ կկարողանա ճնշում գործադրել Պուտինի քաղաքականության վրա»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ Թուրքիան կլինի այն երկրների ցանկում, որոնք կարող են միջնորդական առաքելություն իրականացնել։
«Այն ձևաչափը, որն այսօր ծրագրում ենք ըստ բանաձևի, շատ բարդ է, քանի որ պետք է ի մի բերենք շատ տարբեր երկրներ, հավաքենք բոլորին, գտնենք ձևաչափ, ինչպես գնալ առաջ, համաձայնության գանք դրա շուրջ: Ահա այդպիսի երկիրը, կարծում եմ, կարող է գոնե փորձել ստիպել Ռուսաստանին խաղաղության»,- ասել է Զելենսկին։