Գերմանիան Բունդեսվերի բրիգադ է ուղարկել Լիտվա՝ դա անվանելով կարևոր քայլ ՆԱՏՕ-ի համար
ԱշխարհԳերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Լիտվայում Բունդեսվերի բրիգադի տեղակայման մեկնարկը կարևոր քայլ է համարել ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրապնդելու ուղղությամբ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Սա կարևոր օր է Բունդեսվերի համար: Մենք առաջին անգամ սկսում ենք մշտական հիմունքներով նման ստորաբաժանում տեղակայել Գերմանիայի սահմաններից դուրս», - հայտարարել է նախարարն ապրիլի 8-ին Բեռլինում, բրիգադի 20 զինծառայողներից բաղկացած առաջապահ ջոկատը Լիտվա ուղարկելու արարողության ժամանակ։
Լիտվա մեկնող զինծառայողները պետք է պայմաններ նախապատրաստեն հետագայում գերմանացի զինվորներին Լիտվա տեղափոխելու համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Լիտվայում գերմանական ռազմակայանի ստեղծմանը՝ դա անվանելով «լարվածության սրման շարունակություն»։ Նա հայտարարել է, որ դա Ռուսաստանին դրդում է հատուկ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար։
Եվրոպայում անվտանգության ոլորտում փոփոխված իրավիճակի ֆոնին Գերմանիայի կառավարությունը խոստացել է Լիտվայում մշտական հիմունքներով տեղակայել մարտունակ և ինքնավար ստորաբաժանում։ Բունդեսվերի բրիգադը պետք է լիարժեք մարտական պատրաստության վիճակի հասնի մինչև 2027 թվականը։ Այն բաղկացած կլինի Բունդեսվերի շուրջ 4800 զինվորից և 200 քաղաքացիական ծառայողից, որոնք հնարավորություն կստանան Լիտվա բերելու իրենց ընտանիքներին։
45-րդ տանկային բրիգադ անվանմամբ ստորաբաժանումը պլանավորվում է վերջնականապես ձևավորել 2025 թվականին։ 150 զինծառայողներից բաղկացած ոչ մեծ խումբը Լիտվայում ծառայությանը ձեռնամուխ կլինի արդեն այս տարի։ Լիտվայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բրիգադի տեղակայումը Գերմանիայի համար կարժենա գրեթե 800 մլն եվրո։