Իսրայելը պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները. ՀՅԴ
ՔաղաքականՄտահոգությամբ հետևում ենք Հին Երուսաղեմի հայկական թաղամասում Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի և պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իսրայելի ոստիկանությունն այդ քայլերով աջակցում է զինյալ վերաբնակիչների և խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմի աշխատակիցների բռնություններին՝ խախտելով միջազգային և տեղական համապատասխան օրենքները։
Արդեն իսկ հայտարարել ենք՝ «հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառապես տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի»։ Բռնությունները պետք է դադարեցվեն, ինչպես նաև դրանց՝ Իսրայելի ոստիկանության մեղսակցությունը։ Իսրայելի կառավարությունը հստակ կեցվածքով և քայլելով պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները։
Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար, այդ իրավունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը, գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, շարունակում է իր բոլոր հնարավորություններով զորավիգ լինել Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները»: