Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում
Գիտություն և ՄշակույթՀայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։
Ցուցահանդեսը նվիրված է իտալացի հայտնի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոյի մահվան 700-րդ տարելիցին: Ցուցահանդեսի շրջանակում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված են այնպիսի հոյակերտ նմուշներ, ինչպիսիք են՝ Անիից պեղված 13-րդ դ․ փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի և հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից և Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով և պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե հետաքրքիր նմուշներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լևոն II և Լևոն III արքաների արծաթյա դրամները և այլ խորհրդանշական նմուշներ։
Ցուցանմուշներն ուղեկցվում են «Երկու Հայաստանները և Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» և «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առևտրի և մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերով ու քարտեզներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2024 թ. սեպտեմբերի 29-ը։