Վարժական հավաքների շրջանակներում քաղաքացու դե-յուրե ծանուցված լինելը կլինի անխուսափելի․ վարչապետ
ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարժական հավաքներին մասնակցելու համար երբեմն քաղաքացիներին կրկնակի և եռակի թվով ծանուցումներ են ուղարկվում:
Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ։
«Խնդիր է դրված x թվով մարդկանց ներգրավել վարժական հավաքներին, և տեսնում ենք, որ ծանուցումները երբեմն կրկնապատկվում են կամ եռապատկվում։ Սա անտրամաբանական է, յուրաքանչյուր ծանուցում պետական բյուջեի վրա ծախս է: Եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի, ինչո՞ւ ենք 100 ծանուցում ուղարկում: Փաստորեն 10 անգամ ավել ծախս ենք անում, քան կարող էինք անել»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ ծանուցման ընթացակարգերում փոփոխության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված լինելու դե-յուրե արձանագրումը լինի անխուսափելի։
Կառավարությունը կարգավորում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների ու զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը։ Ապրիլի 12-ի նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը։