«Ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է». Փաշինյան
Տեսանյութեր«Շատ ենք խոսում այն մասին, որ գերբեռնված մեքենաների առկայությունը ազդում է ճանապարհների շահագործման տևողության վրա: Բայց վերջերս ինձ ասում են՝ որ ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, ոչ միայն նրանից է, որ գերբեռնված մեքենաներ են երթևեկում, այլև որ մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է»,-այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ճանապարհաշինության ստանդարտների խնդրին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հաստատեց՝ նման խնդիր կա, ապա ներկայացրեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
«Բիտումի որակի հետ կապված՝ պարբերաբար լինում են խնդիրներ, բայց դրանք ավելի շատ այլ բնույթի խնդիր են առաջացնում, քան այդ ծալքավորումները. ճաքեր են առաջանում, երկու շերտ են իրարից առանձնանում: Մենք դեպքեր ունենք, երբ որակն այնքան վատն է, որ ուղղակի այդ շերտերը պետք է քանդվեն, հեռացվեն: Նման դեպքեր էլ ունենք, երբ ամբողջը քանդում, հեռացնում են: Նույնիսկ դեպք ունենք, երբ խտացման ընթացքում բիտումի որակն այնքան վատ է, որ ճանապարհն սկսում է լայնանալ, այսինքն՝ ասֆալտը ռեզինի նման սկսում է ձգվել: Այժմ մեր կանոններն այսպիսին են. ներմուծվող բիտումը գնում է լաբորատորիա, լաբորատորիայում ստանում է որոշակի գնահատական, որ դա մեր ստանդարտներին բավարարող է, նոր գնում է ասֆալտապատման: Բայց պարբերաբար, այո, եղել են, դեպքեր, երբ արձանագրվել է, որ ներմուծված բիտումը որակով չի եղել»,- ասաց նախարարը:
Գևորգ Պապոյանը, արձագանքելով թեմային, հավելեց՝ էկոնոմիկայի նախարարի հրամանով 2024 թվականի հունիսի 1-ից պարտադիր է դարձել բիտումի լաբորատոր փորձաքննությունը:
«Նախկինում պարտադիր չէր, հիմա արդեն պարտադիր պետք է անցնի փորձաքննություն, և այդ փորձաքննության արդյունքում, երբ նորմայի մեջ է լինում, նոր կարողանում են ներմուծել ՀՀ»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով ճանապարհների բեռնվածության հարցին՝ Պապոյանը նկատեց, որ օրենքով ծանր մեքենաները պետք է շրջանցեն որոշ ճանապարհներ, բայց խախտում են կշռվելու պահանջը և չեն շրջանցում: