Եվրոպայում մինչև հարյուրամյակի վերջը տապից մահվան դեպքերը կարող են եռապատկվել
Հայկական ՄամուլԵվրոպայում տապից մահացությունների թիվը մինչև 2100 թվականը կարող է եռապատկվել, եթե ջերմաստիճանը մոլորակի վրա բարձրանա ըստ Ցելսիուսի 3 աստիճանով։ Նման գնահատականներ են ներկայացվում եվրոպացի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է The Lancet հանդեսում։
Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ Եվրոպայում տապի հետ կապված մահացությունների թիվը, որը 1991-ից մինչև 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում տարեկան կազմում էր մոտավորապես 43 000, մինչև 2100 թվականը կարող է եռապատկվել՝ հասնելով 129 000-ի, եթե ջերմաստիճանը մոլորակի վրա բարձրանա ըստ Ցելսիուսի 3 աստիճանով։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ջերմաստիճանի այս ցուցանիշն իրենից ներկայացնում է աճի վերին նշագիծ՝ աշխարհում ընթացիկ կլիմայական քաղաքականության շրջանակներում։ Նշվում է, որ տապից ամենաշատը տուժում է Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի և Ֆրանսիայի մի քանի տարածաշրջանների բնակչությունը։
Հետազոտողները հայտնում են նաև, որ մինչև 2100 թվականը ցրտից և շոգից մահացությունների ընդհանուր թվաքանակը կավելանա ավելի քան 13 %-ով՝ 408 000-ից հասնելով 463 000-ի։ Գիտնականներն ամենից շատ մահվան դեպքեր են կանխատեսում 85-ից բարձր տարիքի անձանց շրջանում։
Հետազոտությունն անցկացվել է 30 եվրոպական երկրների 1368 տարածաշրջաններում, ներառյալ՝ ԵՄ պետությունները, ինչպես նաև Նորվեգիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում:
Ավելի վաղ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն) հաղորդել էր, որ առաջիկա հինգ տարում Երկրին, հնարավոր է, սպասվում է ռեկորդային շոգ, որը շատ մեծ հավանականությամբ կգերազանցի 2023 թվականին սահմանված ջերմային ռեկորդը։ Այդ ժամանակ միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 1,45 աստիճանով (0,12 աստիճանի սխալականությամբ) բարձր է եղել նախաարդյունաբերական մակարդակից (1850-1900 թթ.)։