Երեք օրում բացահայտվել է հանցագործության 183 դեպք. գրանցվել է 53 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 78 մարդ
ԻրավունքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, հոգեկան ներգործության՝ 13, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7-ական, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և փաստաթղթի կեղծիքի՝ 6-ական, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և ինքնավնասման՝ 3-ական, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, ապօրինի ազատությունից զրկելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 5 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենայի գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար. 4 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։