Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ չորեքշաբթի Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին Հայաստանի մի շարք շրջաններից, սակայն նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին, գրում է Interfax-ը։
«Այո, դա ճիշտ է։ 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով՝ մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասել է, որ այսօր, փոխված պայմանների պատճառով, չկա նման բանի անհրաժեշտություն, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և համաձայնեցվել է մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ, նա նշել է, որ, «կրկին հայկական կողմի խնդրանքով», ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։
«Նրանք կմնան այնտեղ և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։