ԱԱԾ-ն՝ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին. Panorama.am
Դեռևս մայիսի 13-ին Panorama.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Հայաստանի մի շարք բնակավայրերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
Մասնավորապես, ե՞րբ է սկսվելու ռուս սահմանապահների և զինվորականների դուրսբերումը և ե՞րբ կավարտվի, կոնկրետ ո՞ր բնակավայրերից են դուրս բերվում, ընդհանուր քանի՞ սահմանապահ է դուրս բերվելու։
ԱԱԾ-ից պատասխանել են հետևյալը.
«Հայաստան-Ադրբեջան սահմանի առանձին տեղամասերում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության սահմանապահ վերակարգերի դուրս գալու վերաբերյալ ՀՀ ԱԽ քարտուար Արմեն Գրիգորյանը թույլատրելի սահմաններում արդեն իսկ պարզաբանումներ ներկայացրել է ս.թ. մայիսի 16-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից եթեր հեռարձակված «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում։
Միաժամանակ, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության սահմանապահների Հայաստան-Ադրբեջան սահմանի առանձին տեղամասերում տեղակայման բնակավայրերի և դուրս եկող սահմանապահների թվի վերաբերյալ տեղեկությունների մասով հայտնում ենք, որ հայցվող տեղեկությունը հանդիսանում է պետական գաղտնիք և ՀՀ կառավարության 2024 թ. հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով տրամադրվել չի կարող»։
Նկատենք, որ ԱԱԾ-ն պատրաստի պատասխան չունի, այնինչ կարող էր «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումից սղագրել իրեն վերաբերող մասերը՝ թեկուզ հարցումներին լրիվությամբ պատասխանելու համար։