Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. կա 6 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota Corolla», «Hyundai Sonata» և 2 «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Գևորգ Սահակյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և նույն գումարտակի 2-րդ դասակի վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և նույն դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ վթարից հետո, մինչ պարեկների ժամանումը, հետաքրքասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին արհեստական խցանում, որը ձգվում էր մոտ 2 կմ, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Տարածքը սահմանազատել են պարեկ Գոռ Սիմոյնյանն ու կրտսեր պարեկ Խորեն Գեղամյանը:
Դեպքի վայր են ժամաել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզայի քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան հարկայինի և Ոստիկանության ակադեմիայի աշխատակիցներ:
Իսկ վիրավորներից 4-ը տեղափոխվել են շտապօգնության ավտոմեքենաներով, 2-ը քաղաքացիական: