Գուրգեն Մահարու աքսորի տարիներից
Գիտություն և Մշակույթ
Սկիզբը` «Ճշմարիտ գրողը ծնվում է ի վերուստ երկնային «բիլազուկով»:
Սիբիրյան վերջին ամիսներն ամենածանր էին աքսորականի կյանքում: Աշխատանքից նա ազատվեց (պահակի «արտոնյալ» պաշտոնը տրվեց տեղացիներից մեկին), ստիպված եղավ ազատել նաեւ բնակության համար հարմարեցված պահականոցը եւ նորածին դուստրը ձեռքին, զուրկ գոյատեւման որեւէ միջոցից, սենյակ վարձել: Նամակների մի ամբողջ շարք գրվեց արդեն տառացիորեն մահվան սեմից. «Ոչ կարդում եմ, ոչ գրում: Քրի՜զ (իս): Տագնապահար եմ ու ջղային» (Ա. Սանամյանին, 18 ապրիլի 1954 թ.), «Է՛, սիրելի Ալո, վատ տեղ մթնեց կամ մթնում է կյանքս, կարդալուն եւ գրելուն վաղուց եմ վերջ տվել: Ուղեղս արճիճվել է: Ոչ մի լավ բանի չեմ սպասում, այնինչ կան հիմքեր սպասելու, ո՞վ է ասել,- «Սրտերից ծափ կզարկեք, բայց նա կգա ուշ ինձ համար...» (Վ. Ալազանին, 21 ապրիլի 1954 թ.), «...ես մինչեւ անգամ զգում եմ, որ անկարող եմ այս դրության մեջ ճանապարհ ընկնել ազատվելու դեպքում: Արյուն այլեւս չեմ թքում, բայց հազում եմ վատ հազով եւ սրան միացան ստամոքսիս խիթերը, որը մի տարի էր, ինչ չկար: Էդ էլ վրա հասավ... Ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ դուռը ծեծեմ կամ ո՞ւմ զանգը տամ...» (Վ. Ալազանին, 19 մայիսի 1954 թ.):
Երեւան նա վերադարձավ հյուծված ու հիվանդ: Աշխատանքը շարունակելու մասին խոսք չէր կարող լինել, ամենաշատը` «կլորացնելու», գործին ավարտուն վիճակ տալու մասին: Վեպը վերածվեց վիպակի, «Երիտասարդությունը» կանգ առավ սեմին` շարունակությունը թողնելով անորոշ ապագային: Շատ գրախոսականներ են գրվել այդ գործի մասին, սակայն ամենադիպուկ ամփոփիչ գնահատականը պատկանում է Գ. Մահարուն. «Հետագայում, երբ տպվեց այդ գործը, իմ ընթերցողներն ու քննադատները հաստատեցին, որ ծանր պայմաններում գրված այդ գրվածքում ծիծաղն ու հումորն ավելի դիպուկ են ու կենսահաստատ, քան առաջին երկու մասերում, որոնք գրված են եղել ազատ ու բարեկեցիկ պայմաններում: Այսպես էլ է պատահում: Ամեն գրող ունի իր ստեղծագործական գաղտնիքները, որոնք հաճախ ինքը, այդ գաղտնիքների տերն ու տիրականը չի կարող բացատրել»:
«Երիտասարդության սեմին»-ը լույս տեսավ խմբագրական կոպիտ միջամտություններով: Ինքնակենսագրական այդ գործում, Գ. Մահարու նման անմիջական գրողի գրչի տակ, որքան էլ խոսվեր հեռու ժամանակներից, բռնադատվածության թեման եւ աքսորը չէին կարող շրջանցվել: Բոլոր այդ «լիրիկական շեղումներն» ընկան խմբագրական մկրատի տակ: Եվ ոչ միայն դրանք: Վերադառնալով ընդհատված թեմային` նշենք նաեւ, որ գավառական գրականությանը պատիվ բերող ամոթխածությամբ մկրատվեց նաեւ պատանի Գ. Մահարու հիասթափությունը` իր պատկերացումներով իրականությունից «փախուստ տված» հայ գրողներից: Հիմա արդեն անհնար է պարզել այդ մկրատումները պատկանում էին «Խմբագիր` Հր. Թամրազյան»-ի՞ն, թե՞ կուլիսներում գործող ամենազոր իմյարեկ գրաքննիչին: Վիպակի հատորային եւ վերջին հրատարակությունում հապավումները մասամբ վերականգնվեցին` տալով խիստ մոտավոր պատկերացում գրողի ասելիքի մասին: Քանի որ ոչ մի վերապատմում չի կարող ճշգրիտ պատկերացում տալ վիպակի «Հայ գրողներ» գլխում պատանի Գուրգեն Աճեմյանի պատանեկան վերհուշների եւ Գուրգեն Մահարու աքսորական առօրյայի մասին, ավելորդ չէ այն ամբողջությամբ ներկայացնել ընթերցողին` որպես անտիպ հատված.
«Եկավ բժիշկը երկար, ամառնային սեւ վերարկուով, սեւ գլխարկով, սեւ փողկապով, սեւ հոնքերով ու բեղերով: Նա կրում էր սեւ ակնոցներ, որոնք նրա դեմքին տալիս էին խիստ արտահայտություն. սեւ ակնոցների վրայով նա զննեց ինձ, ապա հագավ բժշկական ձյունասպիտակ խալաթը ու ասաց մորս.
- Տիկին Անուշ, կգա Սաշան, ծանոթացրու Գուրգենի հետ: Գնան թող քաղաք, ման գան:
Եկավ Սաշան, կապույտ աչքերով, շեկ հոնքերով ու մազերով, գիմնազիստական համազգեստով, ճռճռացող կոշիկներով մոտեցավ ինձ եւ սեղմեց ձեռքս շեկ ժպիտով,- շեկ ժպիտո՞վ... այդ նրանից է երեւի, որ նրա շրթունքներն ու ծնոտը ծածկված են շեկ աղվամազով:
- Գնանք քաղաք, ման գանք, լա՞վ:
- Լավ,- պատասխանեցի ես,- դու հայ գրողներին ճանաչո՞ւմ ես...
- Փա՜հ, ինչքան ասես...
- Օրինակի համա՞ր,- հարցրի ես խորին թերահավատությամբ:
- Օրինակի համա՞ր,- հարցրեց նա իր հերթին,- Գալավինսկու վրա ամեն օր քաշ են գալիս. Ահարոնյան, Շիրվանզադե...
- Ահարոնյա՞ն, Շիրվանզադե՞... եւ դու նրանց տեսե՞լ ես...
- Փա՜հ, ինչքան ասես: Էդ ինչ մի բա՞ն է որ...
Ես նայում եմ նրա կապույտ, փայլուն աչքերին ու մտածում.- ստում է: Այդ այն ժամանակներն էին, երբ գրողն ինձ համար աստվածության պես բան էր եւ նրանց տեսնելը մեծ բախտ. ես հիշեցի Թումանյանին Վանում, ապա Էջմիածնում, Վահան Տերյանին Երեւանում, պառլամենտի դահլիճի բեմի վրա, իսկ հիմա` Ահարոնյան, Շիրվանզադե...
Ահարոնյան,- «Արցունքի հովիտ», Վան, մանկություն, Կենդրոնական դպրոցի դահլիճի բեմը, Նազեի օրորը, «քնիր, իմ բալիկ», կռունկներ, Ասլանի դիակը, Ռես Մնո, Ռես Մնո... ապա - անմարդ, անշունչ գյուղում կես գիշերին կանչում է մի աքաղաղ, կանչում է խղճալի ու սարսափահար... «Մրրկի սուրբը»:
Շիրվանզադե,- այդ նա է, «Արտիստ»-ի հեղինակը, Լեւոն... ես լսում եմ նրա նվագը ջութակի վրա, ես տեսնում եմ սիրահարված ջութակահարի գունատ դեմքը, նրա կյանքի ողբերգական վախճանը Սեւ ծովի ջրերում, Օդեսայի նավահանգստում: «Քաոս», «Արսեն Դիմաքսյան», «Նամուս», «Չար ոգի»:
Էյ, ժողովուրդ, դարդս լսեք,
Ես բլբուլն եմ Դաղստանի լեռներից...
...Բալես մնաց քարերի տակ
Մենիկ բալես արեւի պես գեղեցիկ...
Գիժ Դանիել, Գիժ Դանիել...
Ու հավատալ, որ նրանք, Ահարոնյան-Շիրվանզադեն ամեն օր «քաշ են գալիս» Գալավինյան գլխավոր փողոցի վրա... որ Սաշան նրանց տեսնում է «ինչքան ասես» եւ որ կարող է ինձ ցույց տալ...
- Սաշա,- ասում եմ ես,- դու ինձ ցույց տուր, ես ուզում եմ նրանց տեսնել:
- Փա՜հ, կուզես` հենց էսօր:
Մայրս ինձ տալիս է փող «ծախսերի համար», իսկ ծախսերը մեծ էին,- տրամվայի տոմս, թերթերի գնում,- «Մշակ», «Հորիզոն», «Վան-Տոսպ»,- եւ որ կարեւորն է Լագիձեի «լիմոնադ», որով ես պիտի հյուրասիրեի Սաշային. մայրս խիստ կերպով պատվիրեց, որ տրամվայի տոմս ես գնեմ Սաշայի համար եւ որ «լիմոնաթով» հյուրասիրեմ Սաշային:
Երբ տրամվայը շարժվեց տեղից, իմ սիրտը լցվեց զվարթ աղմուկով. ես հիշեցի տխուր Երեւանը, մեր որբանոցը, Հայաստանին, Գեւորգին, Գառնիկին, ինչքան բան կա պատմելու, ինչքան պիտի զարմանան նրանք, որ ես տեսել եմ Ահարոնյանին, Շիրվանզադեին:
- Էս քաղաքի ցենտրն է,- ասում է Սաշան,- Էրեվանսկի պլոշչադ...
- Իսկ ինչո՞ւ է կոչվում Էրեվանսկի,- հարցրի ես: Սաշան մտածեց ու շփեց երեսի շեկ աղվամազը:
- Ա չորտ եվո զնայետ...
Հետագայում ինձ պատմեցին, որ այդ հրապարակից են մեկնել դեպի Երեւան եւ այնտեղից ժամանել ուղտերի ապրանքատար եւ ապրանքաբեր քարավանները, ֆուրգոնները, մարդատար կառքերը, հնում, երբ դեռ Թիֆլիսի եւ Երեւանի միջեւ գոյություն չի ունեցել երկաթուղային հաղորդակցություն: Հրապարակի վրա մի կողմից իշխում է քաղաքային դումաjի շենքը` քաղաքային մեծ ժամացույցով, իսկ մյուս կողմից' Թամամշեւի Քարվանսարան է, որի առաջ աղմկում են կոշիկ մաքրողներն ու թերթ վաճառողները:
- «Մշա՜կ»... «Վան-Տո՜սպ»... «Հորիզո՜ն»...
Ես գնում եմ թերթեր եւ այդպիսով կատարում մայրիկի երկու պատվիրանները: Մնում է «լիմոնաթի» խնդիրը: Ի՞նչ բան է այդ «լիմոնաթ» կոչվածը, չգիտեի եւ անհարմար համարեցի հարցնել մորս. լիմոն դեռ լսել էի...
- Իսկ լիմոնաթ...- ծամծմեցի ես,- որտե՞ղ են ծախում...
- Լիմոնա՞դ ես ուզում խմել,- հարցրեց Սաշան,- գնանք Գալավինսկու վրա, ինչքան ասես... էնտեղ էլ քեզ ցույց կտամ քո Ա՜ա՜ա՜խառոնյանին ու Շիրվանդազեին...
- Շիրրվանզադեին,- ուղղեցի ես:
- Բա ես ո՞նց ասի...
- Շիրվանդազե...
- Մեկ է,- ձեռքը թափ տվեց Սաշան եւ մենք ուղեւորվեցինք դեպի Գալավինյան գլխավոր փողոցը, որն այժմ կրում է Ռուսթավելու անունը: Մեծ տպավորություն թողեց ինձ վրա Գալավինյան փողոցն իր բազմահարկ, գեղակերտ տներով, վաճառատներով, մագազիններով, մեծ քաղաքի աղմուկով ու եռուզեռով, այն, ինչ ես մինչ այդ կարդացել էի գրքերում եւ թերթերթում:
- Էս` փոխարքայի պալատն է,- բացատրում է ինձ Սաշան,- հիմա էստեղ նստում է Վրաստանի մենշեւիկյան կառավարությունը... էս` Արամյանցի տունն է, էս «Չաշկա Չայ»-ն է, այ, գրված է, տեսնո՞ւմ ես, «Մի բաժակ թեյ». էստեղ չայ են խմում դերասանները, էդ քո գրողները, սիրուն-սիրուն օրիորդներն ու տիկինները... էս` Արտիստական թատրոնն է, էս` Տիգրան Նազարյանի տունն է, «Աղբյուր-տարազ»-ի ու «Վան-Տոսպ»-ի խմբագրությունը... Թիֆլիսի օպերան... Մելիք-Ազարյանցի տները... Ինչո՞ւ չեն երեւում այսօր գրողները,- անհանգստացավ Սաշան:
Մայթերով հոսում է ժողովուրդը: Աչքի են ընկնում գեղեցիկ կանայք, զինվորականներ փայլուն ուսադիրներով, ուսանողներ, ուսանողուհիներ:
Սաշան նկատելիորեն ջղայնացել է. նա նայում է անցորդներին դժգոհ աչքերով ու մրթմրթում.
- Ո՞ւր են կորել այսօր...
Իսկ ես մտածում եմ, որ այս ամենը խաղ է, Ահարոնյանն ու Շիրվանզադեն Գալավինսկու վրա չեն կարող «քաշ գալ» հասարակ մահկանացուների նման, նրանք այս րոպեիս զբաղված են, ո՞վ գիտե, ի՞նչ գործերով, գոյություն ունի «ազգային վիշտ», «հայկական հարց», «կորած վիլայեթներ», բազմահազար որբեր փողոցներում ու որբանոցներում, գաղթականներ, թշվառներ, քաղցածներ, մանդատի խնդիր...
- «Լագիձեի սառը ջրեր»,- կարդում եմ ես մի ցուցանակ,- «լիմոնադ». ես Սաշային առաջարկում եմ լիմոնադ խմել` մի կողմից մորս երրորդ պատվերը կատարելու, իսկ մյուս կողմից` նրան հանելու համար անհարմար կացությունից: Իմ առաջարկությունը Սաշան ընդունեց ակնհայտ չկամությամբ:
Լիմոնադ կոչվածը դուրս եկավ չափազանց հաճելի զովացուցիչ խմիչք. Սաշան բաժակով ծեծեց մարմարիոնի սեղանը եւ հայտարարեց.
- Հիմա գնանք «Չաշկա չայի» մոտերքը ման գանք: Նրանք հիմա ներսում նստած կլինեն, կամ կգան չայ խմելու, լա՞վ:
Ահա եւ «Մի բաժակ թեյ» կաֆեն: Փողոցի վրա նայող վիթխարի ապակե փեղկերը ծածկված են սպիտակ վարագույրներով: Մենք սկսում ենք «քաշ գալ» Արտիստական թատրոնից մինչեւ Ալեքսանդրյան այգու մուտքը եւ ընդհակառակը... մեր այս լարված զբոսանքը տեւում է մոտ կես ժամ:
...«Չաշկա Չայ»-ից դուրս են գալիս երկու հոգի: Կարիք չկար, որ Սաշան կանգներ, բոթեր իմ կողքը եւ շշնջար,- ահա նրանք: - Ես նրանց կճանաչեի օրացույցներում եւ դասագրքերում տեսած նկարներից: Շիրվանզադեն բարձրահասակ է, Ահարոնյանն ընդհակառակը. Ահարոնյանը ժպտում է, Շիրվանզադեն լուրջ է. Ահարոնյանը ժպտում է, եւ դա ինձ թվում է անբնական, անհարկի, ինչպես նա կարող է ժպտալ, երբ գոյություն ունի «հայկական հարց», «ազգային վիշտ»... Նրանք քայլում են դեպի Երեւանյան հրապարակը, ես թողնում եմ Սաշային եւ հասնում եմ նրանց. ինձ հետաքրքրում է, ինչի՞ մասին կարող են խոսել նրանք, ինչի՞ մասին: Նրանք խոսում են, ես քայլում եմ նրանց հետեւից համարյա կրնկակոխ:
- Թամարկան լավն է,- ասում է Շիրվանզադեն,- ես չեմ պատկերացնում «Չաշկա չայ»-ն առանց Թամարկայի... ժպիտը, բոյ-բուսաթը...
- Շատ գեր է,- առարկում է Ահարոնյանը,- իսկ այնպես, կարելի է, միայն թե գեր է...
- Հենց այդ էլ լավ է,- ոգեւորվում է Շիրվանզադեն,- կինը որ բռնելու տեղ չունենա, քանի՞ կոպեկ արժի...
- Դու ճաշակ չունես,- ասում է Ահարոնյանը, ձեռնափայտը խփելով սալահատակին եւ կանգնում. կանգ է առնում եւ Շիրվանզադեն, կանգ եմ առնում եւ ես - նրանցից քիչ հեռու, ձեւացնելով որպես թե դիտում եմ խանութի ցուցափեղկը,- կինը այնպես նուրբ ու թեթեւ պիտի լինի, որ վերցնես նրան ահա այսպես ու ննջարանում ման գաս, ահա այսպես,- կրկնում է նա ձեռնափայտը հորիզոնական դիրքով առնելով երկու ձեռքերի վրա ու վեր-վեր նետելով,- իսկ քո Թամարկան. ապա փորձիր այդ փղուհուն...
Նրանք առաջ անցան, իսկ ես մեխված մնացի իմ տեղում... Շիրվանզադե եւ Ահարոնյան...
Մոտեցավ Սաշան ու կանգնեց դեմս իր շեկ ժպիտով. նրա դեմքը փայլում էր իր պարտականությունը կատարած մարդու ինքնագոհությամբ:
- Նո՞ւ, գո՞հ ես,- հարցրեց նա:
- Լավ կլիներ եթե...
Ես ուզում էի ասել «եթե չհանդիպեի, չտեսնեի նրանց», բայց չգիտեմ ինչու խոսքը փոխեցի.
- Եթե մի շիշ եւս... լիմոնադ խմեինք:
Մենք խմեցինք մի շիշ եւս: Այս անգամ լիմոնադը թվաց ինձ նվազ հաճելի: Իմ սիրտը լեցված էր թախիծով եւ հիասթափությամբ.- Ահարոնյան եւ Շիրվանզադե,- կրկնում էի ես մտքումս,- «Արցունքի հովիտ», «Չար ոգի»...
- Գնանք տուն, Սաշա,- առաջարկում եմ ես:
- Գնանք,- համաձայնվում է նա,- դու ինչո՞ւ հոնքերդ կիտեցիր, չեմ հասկանում... ուզում էիր տեսնել - տեսար...
Ես բարվոք համարեցի լռել: Միեւնույնն է, նա ինձ չի հասկանա, կարող է մինչեւ անգամ ծիծաղել ինձ վրա... լռել, լռել:
շարունակելի
Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ
Նյութը պատրաստեց Ք. Ա-ն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)