Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը՝ ընտրությունների, Մարտի 1-ի, ղարաբաղյան, հայ-թուրքական հարցերի և աստվածուհու արձանի մասին (տեսանյութ)
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանում Միացյալ Թագավորության Նորին Մեծության դեսպան Քեթրին Լիչը պատասխանում է Հայաստանում մարդու իրավունքների, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքների կազմակերպման, Հարավային Կովկասում և Հայաստանում Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական առաջնահերթութ- յունների, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, առաջիկա ընտրությունների, Մարտի 1-ի և Անահիտ աստվածուհու արձանին վերաբերյալ Լուրեր.com-ի հարցերին։
Արդեն մոտ երկու ամիս է, ինչ ստանձնել եք Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը: Հասցրե՞լ եք հանդիպել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ և ինչպիսի՞ն է ձեր առաջին տպավորությունը մեր երկրում ժողովրդավարության և Մարդու իրավունքների վերաբերյալ:
Ինչպես նշեցիք, արդեն երկուսուկես ամիս է' ինչ Հայաստասնում եմ և այս ընթացքում հասցրել եմ հանդիպել երկրի ղեկավարների հետ, այդ թվում' նախագահի, արտգործնախարարի և մի քանի նախարարների: Հիմա մենք մտնում ենք ընտրական շրջան, և ես սկսել եմ հանդիպել այն քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որոնք կմասնակցեն ընտրություններին: Հուսով եմ' արդեն ունեմ որոշակի տպավորություններ և' ներկա իրավիճակի, և' Հայաստանի մասին ընդհանրապես, իսկ ինչ վերաբերում է այստեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակին, կարծում եմ Հայաստանը մեծ ներուժ ունի: Եթե դիտարկենք ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը նախկին ԽՍՀՄ երկրներում, այն չափազանց լարված է և չափազանց բարդ, և այս հարթությունում Հայաստանն իրոք հնարավորություն ունի ցուցադրել, որ կարող է անցյալից դեպի ներկա անցում կատարել: Մարդու իրավունքների իրավիճակն այստեղ շատ ավելի լավ է, քան տարածաշրջանի մյուս երկրներում. այստեղ մամուլը համեմատաբար ազատ է։ Դեռ խնդիրներ կան հեռուստատեսության հետ, բայց համացանցում ընթանում են բավական ազատ բանավեճեր, և առաջընթաց է նկատվում հավաքների ազատության սկզբունքի կիրառման հարցում: Սակայն, ինչ վերաբերում է ընտրություններին, ամենաէական հարցը հետևյալն է՝ կարո՞ղ են այս ընտրություններն իսկապես անցյալից անցում լինել, կարո՞ղ են դրանք լինել ազատ և արդար, կարո՞ղ են մարդիկ վստահել արդյունքներին: Այս առնչությամբ մինչև հիմա ստացել ենք ճիշտ քաղաքական ազդակներ, և նախագահն էլ իր հերթին նշել է, որ ցանկանում է տեսնել ազատ և արդար ընտրություններ: Սա իսկապես տեղի կունենա՞, արդյո՞ք քաղաքացիները կմերժեն առաջարկվող կաշառքները, կպարտավորվե՞ն զեկուցել բոլոր խախտումները և իսկապե՞ս կփորձեն պահանջել պրոցեսի արդարություն: Սա շատ կարևոր է և սա հենց այն է, ինչին ես հույս ունեմ ականատես լինել:
Ձեր և ձեր ամուսնու՝ պարոն Ջոնաթան Էյվսի համատեղ նշանակումը դեսպանի պաշտոնում հասարակական ակտիվ շրջանակներում բանավեճերի ու քննարկումների առիթ դարձավ. կարծիքներ հնչեցին, որ համատեղ դեսպանների նշանակումը Միացյալ Թագավորության համար Հայաստանի անկարևորության վկայությունն է: Հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է արդյոք Հայաստանը Մեծ Բրիտանիայի համար:
Եթե Հայաստանը կարևոր չլիներ Միացյալ Թագավորության համար, մենք այստեղ դեսպանատուն չէինք ունենա: Փաստ է, որ մենք այստեղ դեսպանատուն ունենք, և մենք նույնպես ցանկանում ենք այստեղ որոշակի ազդեցություն ունենալ: Դեսպանների համատեղ նշանակումով Միացյալ Թագավորության արտգործնախարարությունը փորձել է ավելացնել դեսպանատան ռեսուրսները և պրոֆիլը: Բնականաբար, մարդիկ հարցեր կունենան համատեղ նշանակման վերաբերյալ, քանի որ այն նոր մոտեցում է, իսկ դիվանագիտությունը շատ ավանդական և պահպանողական դաշտ է: Ես կարծում եմ՝ հիմա մենք պետք է ապացուցենք, որ մենք իսկապես միասին առավել արդյունավետ ենք աշխատում, համատեղում ենք փորձը, էներգիան, տարբեր մոտեցնումներ ունենք, ինչը հնարավորություն կտա հարցերին առավել բազմակողմանի մոտեցում ցուցաբերել, մենք տարբեր ձևերով կարող ենք շփվել մարդկանց հետ և մենք կարող ենք տարբեր ծրագրեր իրականացնել: Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ սա դեսպանատան գործունեության համար դրական կլինի, և Հայաստանում մարդիկ կզգան դա:
Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ամուսնու՝ պարոն Ջոնաթան Էյվսի հետ համատեղ դեսպանի գործառույթների իրագործումը: Արդյո՞ք մի պաշտոնում երկու անձի նշանակումն, այնուամենայնիվ, դեսպանատան գործունեության արդյունավետության վրա բացասաբար չի անդրադառնա:
Կարծում եմ՝ որոշակի մարտահրավերներ կան։ Կարևորն այն է, որ մենք միմյանց տեղեկացված պահենք յուրաքանչյուրիս գործունեության վերաբերյալ և աշխատենք մեկ ընդհանուր օրակարգի շրջանակներում: Մենք թիմային աշխատանքի փորձ անցյալում արդեն ունենք, և կարծում եմ, որ ցանկացած զույգ արդյունավետ հաղորդակցություն է ձևավորում, և մենք վստահ ենք, որ աշխատանքում ևս կարող ենք արդյունավետ համագործակցել: Միացյալ Թագավորության արտգործնախարարությունը սրա հաջողված փորձն ունի, և նրանց կարծիքով՝ մեր համատեղ նշանակումը միմիայն լրացուցիչ խթան կհանդիսանա դեսպանատան գործունեության համար: Հիմա մեր օրինակով մենք պետք է ապացուցենք, որ մենք ևս ի վիճակի ենք համատեղ արդյունավետ աշխատել:
Որո՞նք են Հայաստանում և Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական հետաքրքրություններն ու առաջնահերթությունները:
Մենք ցանկանում ենք տեսնել կայուն, ապահով, բարգավաճ Հայաստան՝ կայուն, ապահով, բարգավաճ Հարավային Կովկասում: Տարածաշրջանը ռազմավարական տեսանկյունից միշտ մեծ նշանակություն ունի քանի, որ այստեղ հատվում են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը, քրիստոնյա և մուսուլման աշխարհները: Այնպես որ, տարածաշրջանը շատ կարևոր է, և, իհարկե, որպես էներգետիկ միջանցք՝ այն Եվրամիության և եվրոպական գործընկներների համար մեծ կարևորություն ունի: Հայաստանը տարածաշրջանի մաս է, և եթե այն ապահով և բարգավաճ երկիր չէ, տարածաշրջանը չի կարող լինել ապահով և բարգավաճ: Սրանք են մեր հետաքրքրությունները: Ի հավելումն՝ Միացյալ Թագավորությունում կա հայկական սփյուռք, որը թերևս ավելի փոքր է, քան եվոպական այլ երկրներինը, սակայն այն բավականին ակտիվ և ներգրավված է: Այնքանով, որքանով նրանք են հետաքրքրված, մենք ցանկություն ունենք օգնել այդ սփյուռքին՝ ներդրումներ անել ու գործում: Առևտրի և ներդրումների հարցում մենք կարող ենք ավելի ակտիվ համագործակցել, առևտրի և ներդրումների ցուցիչներն ամեն տարի ավելանում են։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ կարող ենք ավելին անել: Ես գիտեմ, որ այս հարցում կառավարությունը ևս հետաքրքրված է, և որքան կառավարությունը լավ աշխատի՝ համոզելով ներդրողներին, որ բիզնես միջավայրն այստեղ ազատ և արդար է և կա օրենքի գերակայություն, այդքան այն ներդրողների համար ավելի գրավիչ կլինի՝ Հայաստան գալու և տեղում ներդրումների հնարավորությունները պարզելու համար:
Իբրև ԵՄ անդամ երկիր՝ ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերություններն ընդհանրապես և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման համատեքստում՝ մասնավորապես։
Մենք իսկապես աջակցում էինք արձանագրությունների ստորագրման գործընթացին, սակայն, ցավոք, այս պահին հարցը առկախված վիճակում է: Այն իսկապես երկու կողմերին էլ հանդիպելու և համագործակցել փորձելու հնարավորություն կտար, որը, ես կարծում եմ, այն է, ինչ երկու կողմերն էլ ցանկանում են: Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելուն, Միացյալ Թագավորությունն աջակցում է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, սական Թուրքիայի՝ եվրոպական համայնքին անդամագրվելու պայմանը հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալն է, այնպես որ՝ մեզ համար Թուրքիա-Հայաստան լավ հարաբերություններն իսկապես կարևոր են և մենք կցանկանայինք հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավորն անել։
Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մեծ Բրիտանիայի տեսլականը։
Եվրամիության մյուս բոլոր երկրների նման մենք, իհարկե, աջակցում ենք Մինսկի գործընթացին, քանի որ դա հակամարտության լուծման ամենակարևոր բանակցային ձևաչափն է: Սա մեկ: Մենք նաև հույս ունենք, որ ԵՄ-ն կարող է դրական դեր խաղալ, և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն իսկապես շահագրգռված է գործել և աջակցել Մինսկի գործընթացին, օրինակ՝ ուսումնասիրել հետկոնֆլիկտային երկրների սցենարները, որտեղ ԵՄ-ն կփորձի աջակցել զարգացման և վերակառուցման աշխատանքներին: Մենք նաև կփորձենք երկու կողմերին խրախուսել վստահության մթնոլորտ ձևավորել, որը ևս իր դրական ազդեցությունը կունենա Մինսկի գործընթացի վրա: Այսպիսով, այս պահին մեր հետաքրքրությունների դաշտը սա է, և Միացյալ Թագավորությունն արդեն երկար ժամանակ է՝ աջակցում է այս նպատակին ուղղված երկկողմանի ծրագրերին, որտեղ ադրբեջանական և հայկական տարբեր խմբեր են հանդիպում՝ լրագրողներ, երիտասարդներ, հասարակություններում կարծիք ձևավորողներ: Շատ կարևոր է, որ երկու կողմերից մարդիկ շարունակեն հանդիպել, քննարկել, հասկանալ միմյանց: Կարծում եմ՝ աջակցելով նաև այսօրինակ «ներքևից վերև» ձևաչափին, այն որոշակի ազդեզություն կունենա հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Ինչպիսի՞ ազդեցություն ունեն տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերի նկատմամբ պաշտոնական Լոնդոնի հետաքրքրությունները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման ձևավորման գործում:
Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանի խաղաղությամբ մի քանի պատճառով: Իհարկե, նախ և առաջ մեր տնտեսական շահի համար ենք հետաքրքրված խաղաղությամբ, քանի որ մեր ընկերությունները մեծ ներդրումներ ունեն տարածաշրջանում, և պատերազմն, իհարկե, ամենավատ հնարավոր տարբերակն է մեր տնտեսական հետաքրքրությունների համար: Ադրբեջանում մենք արտաքին ամենամեծ ներդրողն ենք, և պատերազմն Ադրբեջանում մեր տնտեսական հետաքրքրությունների համար կործանարար կլինի: Իհարկե, սա շատ կարևոր գործոն է: Բայց արդյո՞ք սա միակ գործոնն է: Իհարկե ոչ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը նաև առաջնորդվում է հստակ արժեքային համակարգով: Մենք ցանկանում ենք, որ երկրներում զարգանա ժողովրդավարությունը, արդյունավետ կառավարումը և կիրառվեն մարդու իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր մեխանիզմները: Ես հույս ունեմ՝ այս մոտեցումը նկատելի է մեր գործունեությունից և գործողություններից: Սրա պատճառը նաև այն է, որ մենք հավատացած ենք, որ ժողովրդավարությունը նպաստում է տնտեսական զարգացմանը և բաց քաղաքական համակարգի ձևավորմանը, և սրանք լավագույն ուղիներն են տնտեսական զարգացման համար: Այսպիսով, այս ամենն միմյանց հետ սերտորեն փոխկապակցված է: Կայուն և ժողովրդավարական երկիրը լավագույն երկիրն է ցանկացած տեսակի համագործակցության համար:
Մեծ Բրիտանիան հանդիսանում է Հայաստանում ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչությունը։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները և որքա՞ն հավանական եք համարում Հայաստանի՝ լայն իմաստով անվտանգության համակարգի և արտաքին կողմնորոշումների փոփոխության հնարավորությունը:
ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության մասին իսկապես դրական պետք է խոսեմ: Անցյալ երկու ամիսների ընթացքում, ինչ ես այստեղ եմ, արդեն երեք բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանել ՆԱՏՕ-ից և բոլոր երեք պատվիրակությունների ղեկավարներն էլ տպավորված են եղել Պաշտպանության նախարարության և անձամբ Պաշտպանության նախարարի կողմից բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությամբ: Կարծում եմ՝ կարող ենք այս ոլորտում դրական փոփոխություն արձանագրել: Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը մասնակցել են Ռազմավարական Պաշտպանության փաստաթղթի վերանայմանը, որն այս պահին մտնում է իրականացման փուլ, և փաստաթղթի վերանայմանը մասնակցած իմ գործընկերները լիովին համոզված են, որ փոփոխությունների մեծ պատրաստակամություն կա: Իհարկե, կան մի քանի բնագավառներ, որտեղ մենք կցանկանայինք առավել արագ փոփոխություն տեսնել, օրինակ՝ զինվորական կարգապահությունը, բանակում ստորացուցիչ դեպքերի պատշաճ քննությունը, այլընտրանքային ծառայության խնդրի լուծումը: Սրանք այն հարցերն են, որտեղ մենք կցանկանայինք առավել արագ առաջընթաց տեսնել։ Այնուամենայնիվ, մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ Հայաստանի ցուցաբերած գիտակցումն, ինչպես նաև միջազգային ասպարեզում համագործակցության պատրաստակամությունը, օրինակ՝ Աֆղանստանում, Կոսովոյում, չափազանց տպավորիչ են: Մենք գիտենք, որ Հայաստանը մտադիր է մինչև 2015 թվականն ունենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող մեկ ամբողջական գումարտակ, որը ևս շատ տպավորիչ մտադրություն է:
Մի առիթով դուք ասել էիք, որ Հրազդանում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ձեր ստացած զեկույցների համաձայն՝ ընտրական գործընթացի ժամանակ տեղի են ունեցել ձայների գնում, ընտրակաշառքների բաժանում, վարչական ռեսուրսների չարաշահում, բայց նաև հույս էիք հայտնել, որ առաջիկա ընտրություններն ավելի ժողովրդավար կլինեն: Ինչո՞վ է պայմանավորված նման լավատեսությունը:
Կարծում եմ՝ մի շարք նախապատրաստական աշխատանքներ արդեն տարվել են։ Ի նկատի ունեմ ինչպես վերևից քաղաքական ադզակների առկայությունն, այնպես էլ՝ ընտրական օրենսգրքի վերանայումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել և քննարկել է Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, որոնք արտացոլվում են ԿՀԸ-ի որոշումներում։ ԿԸՀ-ն նաև դասընթացներ է կազմակերպում հանձնաժողովի մոտ 30000 անդամների համար: Մեծ ցանկություն կա առավելագույն թվով դիտորդներ ընդգրկել, և ես հույս ունեմ, որ որպես առաքելության ղեկավար՝ ես ևս կհրավիրվեմ ընտրությունները դիտարկելու: Սրանք բոլորը դրական նշաններ են, սակայն մեծ հարց է՝ փաստացի ինչ տեղի կունենա նախընտրական շրջանում: Օրինակ, հատկապես հեռուստատեսության հետ կապված, արդյո՞ք բոլոր կուսակցություններին հավասար պայմաններ կտրամադրվեն կամ որոշ քաղաքական կուսակցությունների կողմից իրականացվող՝ բարեգործությունների անվան տակ տրվող բազմաթիվ նվերներն ինչպե՞ս կդիտարկվեն, կամ էլ, ինչպես Հրազդանում եղավ, երբ YouTube-ում տեղադրված տեսանյութում հրազդանցի մի կին ասում էր՝ «մեր շենքում բոլորին 5000 դրամ են տվել ընտրելու համար, ու՞ր է իմ գումարը»... Սրանք այն հարցերն են, որոնք, ինչպես արդեն նշեցի, պետք է ի նկատի ունենան ոչ միայն իշխանություններն, այլ նաև քաղաքացիները: Քաղաքացիները պետք է պատասխանատու լինեն և հավատան, որ հնարավոր է անցկացնել ազատ և արդար ընտրություններ: Ես լավատես եմ, քանի որ կարծում եմ, որ մարդիկ գիտակցում են, թե որքան կարևոր է այս ընտրությունները: Նրանք չեն ցանկանում նորից 2008-ի Մարտի 1 տեսնել: Սա ահավոր ցնցում էր բոլորի համար, և ոչ ոք երբեք չի ցանկանում այն նորից տեսնել: Կարծում եմ՝ իշխանությունները ևս գիտակցում են առաջիկա ընտրության կարևորությունը։ Մարդիկ էլ գիտակցում են, որ Հայաստանը շրջադարձի առաջ է կանգնած և հնարավորություն ունի իր եվրոպական գործընկերներին ցույց տալ, որ ուզում է մեծ քայլ կատարել առաջ: Եվրամիությունը պատրաստել է աջակցել Հայաստանին, եթե մենք ազատ և արդար ընտրություններ կատարելու իրական ազդակներ ստանանք: Այնպես որ, կարծում եմ՝ նժարին շատ բան է դրված: Վստահ եմ՝ մարդիկ դա լավ գիտակցում են, բայց պետք է ուշադիր լինել, որ նրանք ընտրության օրը նորից չվերադառնան իրենց հին և վատ սովորույթներին։ Ընդամենը պետք է ուշադիր լինել, որ ամեն ինչ լինի մարդանց կամքով: Մարդիկ պետք է համոզվեն, որ իրենք են որոշումներ կայացնողը, և եթե դա իրոք այդպես լինի, կարծում եմ՝ մի շարք դրական գործընթացների սկիզբ կդրվի Հայաստանում:
Տպավորություն է ստեղծվում, որ ԱՊՀ երկրներում ընդհանրապես և Հայաստանում՝ մասնավորապես, տեղի ունեցող ընտրությունները գնահատելիս՝ եվրոպական կառույցներն իրենց գնահատականը հանգեցնում են քվեարկության գործընթացի վերլուծությանն՝ անտեսելով նախընտրական շրջանում տեղի ունեցող իրավախախտումները; Բայց չէ՞ որ ընտրությունները գործընթաց է և չի սահմանափակվում միայն քվեարկությամբ: Ավելին, նախընտրական շրջանն է, որ կանխորոշում է քվեարկության ելքը։ Ինչո՞վ կբացատրեք եվրոպական կառույցների նման մոտեցումը։
Ես այդքան էլ համաձայն չեմ ձեր այն դիտարկման հետ, որ նրանք ընտրությունները գնահատում են միայն ընտրության օրվա վերլուծությամբ: ԺՀՄԻԳ-ը երկարաժամկետ դիտորդներ է ուղարկում երկիր՝ ընտրության օրվանից առնվազն մեկ ամիս առաջ: Նրանք դիտարկում են հեռուստաեթերը և քաղաքական կուսակցությունների քարոզարշավը: Բոլոր հնարավոր դեպքերում նրանք փորձում են փաստեր հավաքել վարչական ռեսուրսների չարաշահման և կամ պետական պաշտոնյաների վրա գործադրվող ճնշումների մասին, եթե գոյություն ունեն այդպիս փաստեր: Ես համաձայն եմ ձեր դիտարկման հետ այն առումով, որ հաջորդ ընտրությունները սկսվում են ընտրության օրվա ավարտի հաջորդ օրվանից, և կառավարությունը քարոզարշավի չորս տարի ժամանակ ունի՝ համոզելու համար ընտրողներին վերընտրել իրենց հաջորդ ընտրություններում: Իհարկե, որոշակի առումով դա բացարձակ ճիշտ է: Սակայն ԺՀՄԻԳ-ն այն կառույցն է, որ ընտրությունների դիտարկման փորձ և մշակված մեթոդաբանություն ունի, որն, իհարկե, կատարյալ չէ, սակայն կարողանում է ցանկացած ընտրության բավականին ճիշտ պատկեր արտացոլել: Իսկ իրավիճակի առավել ընդգրկուն դիտարկման համար, կարծում եմ, արդեն օգնության են հասնում դեսպանատները։ Մենք մեր պաշտոնական մայրաքաղաքներին զեկուցում ենք, թե ինչպես են աշխատում քաղաքական կուսակցությունները և ինչ է կատարվում երկրում ընդհանրապես և ընտրությունների նախաշեմին՝ մասնավորապես: Ես հույս ունեմ, որ մեր հաշվետվություններն արտացոլվում են մեր կառավարությունների և քաղաքական գործիչների հայտարարություններում և գործողություններում, որոնց վրա հիմնվելով՝ որոշումներ են կայացվում և՛ ԵՄ-ում, և երկկողմանի հարաբերությունների ընթացքում:
Պատրաստվո՞ւմ եք արդյոք դիտարկել առաջիկա խորհրդարանական ընտրությունները և եթե այո, ապա ինչպե՞ս եք պատրաստվում հրապարակայնացնել ձեր դիտարկման արդյունքները։
Ես իսկապես հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ դիտարկել ընտրությունները: Մեզ տեղեկացրել են, որ ԿԸՀ-ն մեզ հրավեր կուղարկի, և հիմա սպասում ենք այդ հրավերին: Այն հարցին, թե արդյոք ես զեկույց կհրապարակեմ, թե՝ ոչ... Կարծում եմ՝ ԺՀՄԻԳ-ի զեկույցը կլինի հիմնական զեկույցը: Ես վստահ եմ, որ այն ճշգրիտ զեկույց կլինի, որին ես կցանկանամ աջակցել: Այսպիսով, ընտրությունների օրը ես ինձ պատկերացնում եմ լրացուցիչ դիտորդի դերում, քանի որ կարծում եմ, որ որքան շատ անաչառ, անկախ դիտորդներ լինեն յուրաքանչյուր ընտրական տեղամասում, այնքան ավելի լավ: Սա չի նշանակում միայն գնալ և դիտարկել, թե ոնց են ընտրում քաղաքացիները, այլև ստուգել՝ արդյո՞ք բոլոր ձայներն են հաշվում, արդյո՞ք ընտրութունների վերաբերյալ արձանագրությունները ճիշտ են լրացվում, արդյո՞ք դրանք ընթացակարգերին համապատասխան են տեղափոխվում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, այնուհետև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսպիսով, ես կարծում եմ, որ ուղղակիորեն գնալ որևէ ընտրական տեղամաս և դիտարկել ողջ օրվա անցուդարձը շատ կարևոր է, և հույս ունեմ, որ այդ օրը որևէ խախտում չեմ տեսնի: Իսկ եթե տեսնեմ որևէ խախտում, դրանք տեղ կգտնեն ԺՀՄԻԳ-ի զեկույցում: Ինչպես նշեցի, կարևոր է նաև տարբերակել և չխառնել ընտրության օրվա դիտարկումների արդյունքում հնչող գնահատականներն ու ուղերձները, որոնք կստացվեն տարբեր աղբյուրներից, պատգամավորներից, Եվրոպայի խորհրդի պատվիրակությունից կամ էլ տեղական առաքելություններից:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հայտնի բանաձևում պահպանեց «մարտի 1-ի դեպքերի էջը կարելի է վերջնականապես համարել փակված» ձևակերպումը: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են եվրոպական կառույցներն արդարացիորեն արձագանքում արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, երբ բռնապետական իշխանությունները ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամ, ինչի հետևանքով զոհեր կան: Հայաստանում կարծիքներ են հնչում, որ Եվրոպան առաջնորդվում է ոչ թե մարդու իրավունքների ու ազատությունների սկզբունքներով, այլ՝ սեփական շահով։ Եվ իրոք, մի՞թե սա երկակի ստանդարտի կիրառում չէ։
Ես կարծում եմ՝ ԵԽԽՎ մոնիտորինգի բանաձևի վերոնշյալ ձևակերպումը լավագույն ձևակերպումը չէ և, իսկապես, եթե կարդաք զեկույցն ամբողջությամբ, իրենց ասածի մեջ ավել երանգներ կան, քան այդ մեկ նախադասության մեջ է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ որոշակի առաջընթաց կա, որ «քաղբանտարկյալներն» ազատ են արձակվել, նորից կիրառվում է հավաքների ազատության սկզբունքը: Ուստի որոշակի առաջընթաց կա: Իսկ ինչ վերաբերում է երկակի ստանդարտների կիրառման ձեր հարցին, և նրան, թե Արաբական երկրների հետ համեմատությամբ մենք Հայաստանում արդյո՞ք կիրառում ենք տարբեր ստանդարտներ, կարծում եմ՝ շատ դժվար է համեմատել այս երկու իրավիճակները, քանի որ «Արաբական գարնան» ցույցերը որևէ ընտրության արդյունքում չեղան, դրանք երկար հաստատված բռնատիրական ռեժիմների դեմ ընդգրկուն ժողովրդական շարժումներ էին: Եվ պիտի նշեմ, որ մենք զարմացանք, և մի շարք երկրներ ևս զարմացան, թե որքան հանկարծակի, ուժեղ և հզոր էին այս շարժումները: Այս երկրներից յուրաքանչյուրում տեղի ունեցող բազմապիսի գործընթացներին Միացյալ Թագավորությունը փորձեց արձագանքել իր հնարավորությունների շրջանակներում: Արդյո՞ք մենք բոլոր այս երկրներին միատեսակ արձագանքեցինք։ Ո՛չ, քանի որ մի շարք գործոններ կան, յուրաքանչյուրում անհատական մոտեցում ցուցաբերվեց՝ ելնելով այն բանից, թե ինչ կարող էինք անել և որոնք էին մեր տարբերակները: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդի հետ սերտ գործընթաց կար և քննարկվում էր նաև՝ ինչպես պետք է արձագանքել Մարտի 1-ի դեպքերին: Ես հասկանում եմ՝ մարդիկ դեռևս մտահոգված են, որ այս հարցը հանգուցալուծում չի ստացել, և սրա հետ կապված ես կցանկանայի շեշտել, որ հարցի հանրային քննության կարիք կա։ Ո՛չ թե անվտանգության ծառայությունները այդ օրվա դեպքերի հետ կապված իրենք իրենց գործողությունների համար քննություն պետք է կատարեն, այլ, օրինակ, Միացյալ Թագավորությունում հանրային քննարկում ասելով հասկանում ենք հանրային քննարկում կամ հարցում, որը հանրային քննություն է՝ անաչառ և վստահելի հանրային դեմքի կողմից, օրինակ՝ բարձրաստիճան դատավորի, որը հնարավորություն կունենա բազմակողմանի քննություն անցկացնել մի շարք տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ Մարտի 1-ին զոհվածների ընտանիքների և վիրավորների, և իրական բաց քննության սկզբունքով փորձ կարվի բացահայտել, թե իսկապես ինչ է կատարվել այդ օրը և իշխանությունները ինչ պետք է անեն հարցի վերջնական լուծմանը հասնելու համար: Այսպիսով, երբ Եվրոպայի խորհուրդը կոչ էր անում կատարել Մարտի 1-ի իրադարձությունների հանրային քննություն, նրանք այսպիսի քննություն էին պատկերացնում, և ես կողջունեմ, եթե Հայաստանում նմանատիպ քննություն սկսվի: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ մենք ավարտել ենք այս գործընթացը և չեմ կարծում, որ Եվրոպայի խորհուրդն ավարտել է իր աշխատանքը Հայաստանի հետ։ Դեռ բավականին կարևոր և օգտակար աշխատանք կա, որ մենք կարող ենք իրականացնել և օգնել մարդկանց՝ հաստատելու այդ ցավոտ և դժվար օրերին տեղի ունեցածի ճշմարտությունը, և ցավում եմ, որ մարդկանց կարծիքով՝ Եվրոպան համարժեք չի պատասխանել այս մարտահրավերին: Ես կարծում եմ ու մենք ցանկություն և հույս ունենք, որ հաջորդ ընտրությունները մեզ հնարավորություն կտան Հայաստանում առավել ուժեղացնել մեր համագործակցությունը որոշ ոլորտներում:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վերջերս սոցցանցերից մեկում առաջարկել էր դիմել Բրիտանիայի դեսպանատուն՝ պահանջելով Լոնդոնի բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնել Անահիտ աստվածուհու արձանը։ Եթե չեմ սխալվում, ինչ-որ երիտասարդական կազմակերպություն վերջերս նման պահանջով նամակ էր ներկայացրել ձեզ։ Ինչպիսի՞ն է Լոնդոնի դիրքորոշումն այս հարցում:
Երբ ես հանդիպեցի Արմեն Աշոտյանին, նրան տեղյակ պահեցի, որ Բրիտանական թանգարանից արդեն ստացել եմ բավականին դրական արձագանք, և նրանք ուրախ կլինեն Հայաստանում ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու համար հայտ ստանալ: Ես նրան տվեցի ժամանակավոր ցուցադրության դիմումն ու մյուս փաստաթղթերի ցանկը, և որպես առաջին քայլ՝ Աշոտյանը ողջունեց սա: Մեր պատկերացմամբ՝ մենք պետք է նախ և առաջ հաստատենք աշխատանքային հարաբերություններ, այնուհետ քննարկենք մշակութային արժեքների (այդ թվում՝ Անահիտի արձանի) երկկողմանի ժամանակավոր ցուցադրության հնարավորությունները: Մենք իսկապես հետաքրքրված ենք աշխատելու այս ուղղությամբ, և հրաշալի կլինի, որ Անահիտի արձանը ցուցադրության բերվի Հայաստան: Ես դիտարկում եմ այս նախաձեռնությունը համագործակցության, միջմշակութային համագործակցության հարթության մեջ և կարծում եմ, որ սա դեռ առաջին քայլն է. եկե՛ք սպասենք հետագա զարգացումներին:
14 մարտի, 2012 թ., Երևան
Հարցազրույցի հայերեն թարգմանության տեքստը համաձայնեցվել և հաստատվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից։
Հարցազրույցի վարող՝ Արթուր Մինասյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)