Գերմանացի նախարարը ամուսնացել է նույնասեռականի հետ
Աշխարհ
Գերմանիայի Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Բարբարա Հենդրիքսը երեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է, որ ամուսնացել է ուսուցչուհի Վալերի Վոզանժի հետ: Արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի Հենդրիքսի հայրենի քաղաքում՝ Քլեվում, փոխանցում է DW-ն:
Գերմանացի նախարարը խոստովանել էր իր սեռական կողմնորոշման մասին դեռևս 2013-ին. իր ընտրյալի հետ նա ծանոթ է շուրջ 20 տարի: Վալերի Վոզանժը Գերմանիայից զատ, ունի նաև Ֆրանսիայի քաղաքացիություն և 9 տարով փոքր է 65-ամյա Բարբարա Հենդրիքսից: Գերմանիայում առաջին նույնասեռական ամուսնությունը գրանցվել է 2017-ի հոկտեմբերի 1-ին: Այդ ժամանակ ամուսնական միության գրանցման վկայականն ստացել էին 60-ամյա Բոդո Մենդեն և 59-ամյա Կառլ Քրայլը: Միասեռ ամուսնությունների լիակատար ու իրավահավասար ընդունումը նախատեսող օրինագիծը, որը Գերմանիայում ստացել է «ամուսնություն բոլորի համար» անվանումը, Բունդեսթագի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունվել է հունիսի 30-ին: Կողմ էին քվեարկել 393, դեմ՝ 226 խորհրդարանական, ևս 4-ը ձեռնպահ էին մնացել:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը օրինագծի ընդունմանը դեմ է քվեարկել: Մինչև 1969-ը Գերմանիայում միասեռ ամուսնությունները քրեորեն հետապնդվել են: Այդպիսի ամուսնությունները Գերմանիայում հաշվառում են 2001-ից, բայց ավելի քիչ իրավունքներ ունեին, քան սովորական ամուսնությունները: Նույնասեռ ամուսնություն է ունեցել մասնավորապես, Գերմանիայի նախկին արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ