«Հրապարակ». Այս ԱԺ-ի պատմության մեջ առաջին անգամ ընդունվեց ընդդիմության օրինագիծը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափն առավելագույնս խստացնել՝ սահմանելով ցմահ ազատազրկում։
«Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը, կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը եւ կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը․․․ այսինքն՝ պետական դավաճանության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- ներկայացրել է Վահե Էնֆիաջյանը:
ԱԺ-ն նախագիծն ընդունեց 109 կողմ, 2 ձեռնպահ ձայնով, ձեռնպահներն անկախ դարձած Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանն են։ Շատերը չքվեարկեցին, եւ 1 դեմ՝ «Իմ քայլի» նորընծա պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որը մանդատ է ստացել պատերազմից հետո։ 67-ամյա պատգամավորն արցախյան 3 պատերազմների մասնակից է։ Ի դեպ, սա այս ԱԺ-ի պատմության մեջ եզակի դեպք է, երբ ընդունվում է ընդդիմության առաջարկած օրինագիծը»: