«Ժողովուրդ». Ինչպես է որոշվել ռուսերենը Արցախում դարձնել պաշտոնական լեզու
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախից հետեւողական լուրեր են հասնում, որ Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն ինքնաբուխ է որոշել Արցախում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, անգամ չի խորհրդակցել, թե արդյոք անհրաժեշտ է Արցախում ռուսերեն լեզուն դարձնել որպես պաշտոնական լեզու:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս հարցերի շուրջ զրուցել Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու կամ ում է հաճոյանում՝ առաջ ընկնելով հայերենը ստվերելու իր պաշտոնական քայլով: «Իհարկե, որպես թիմակիցներ, իրավաբանների, մասնագետների հետ քննարկումներ ունեցել ենք»,- հայտարարեց Հարությունյանը: Մեր դիտարկմանը, թե ինքն այդ փոփոխությունը համաձայնեցրել է արդյոք ռուսական կողմի հետ, պատգամավորն ասաց. «Մենք տարբեր գերատեսչությունների հետ քննարկել ենք, արդյոք ունեն նման խնդիր շփվելուց, թե չէ, նաեւ փորձառու իրավաբանների հետ ենք քննարկել, թե արդյոք պետական կամ պաշտոնական լինի, արդյոք հակասահմանադրական է, թե ոչ, մենք քննարկումներ ունեցել ենք, փորձել ենք հասկանալ՝ արդյոք նամակագրությունը խնդիր է ռուսերեն լեզվով, թե չէ, ու համապատասխան պատասխաններ ենք ստացել, որոնք մեր որոշման մեջ հիմք են հանդիսացել»:
Ի դեպ, Արցախի կառավարությունը դեռեւս այս նախաձեռնությանը չի արձագանքել։ «Դեռ չկա կառավարության եզրակացությունը»,-եզրափակեց Հարությունյանը: Նկատենք, որ Հարությունյանը չհերքեց, որ ինքնագլուխ է որոշել ռուսերենը դարձնել 2-րդ պաշտոնական լեզուն Արցախում, որը միանշանակ չի ընդունվել անգամ վիրավորված, բայց վերակենդանացող Արցախում»: