«Հրապարակ». Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը որոշել է կուսակցություն հիմնել։ Զաքարյանը, հիշեցնենք, մինչեւ 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից հետո հանդես էր գալիս հարազատ կուսակցության հասցեին քննադատական հոդվածներով։
Նա մեզ ասաց, որ կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված էր անցկացնել փետրվարի 20-ին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգել են ու երեկ նոր հայտարարություն են տվել՝ ապրիլի 3-ին անցկացնելու մասին։ Կուսակցությունը կոչվելու է «Կայունություն», գործելու է ձախ դաշտում։ «Սոցիալիստական բաղադրիչով հասարակարգի կառուցման, սոցիալական պետություն կառուցելու խնդիր է դնում իր առջեւ»,- ասաց Զաքարյանը։
Նա թեեւ չցանկացավ փակագծեր բացել, թե ովքեր են անդամակցելու կուսակցությանը՝ արդյո՞ք հանրությանը հայտնի անուններ կլինեն, բայց ասաց՝ կենսագրություն ունեցող, ճանապարհ անցած մարդիկ են լինելու։ Թերեւս՝ իր ընկերական շրջանակից»: