Արմատական «Թալիբան» շարժումը կմասնակցի Թուրքիայում աֆղանական կարգավորման հարցով հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 27-ին: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հաղորդել էր, որ մարտի 27-ին Թուրքիայում կարող է անցկացվել ՄԱԿ-ի հովանավորությամբ Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման խաղաղ կարգավորման հարցով խորհրդաժողով: «Թալիբանի ներկայացուցիչներին հրավերներ են ուղարկվել Թուրքիայում կայանալիք հանդիպման համար: Սկզբում եղել են վերապահումներ, բայց այժմ հաստատվել է, որ պատվիրակությունը ներկա կլինի խորհրդաժողովին», - ասել է աղբյուրը: Քաբուլում թալիբներին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր հայտնել է, որ մի քանի քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ, շարժման «ընկերներն ու աջակիցները» արդեն ստացել են թուրքական վիզաներ: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը առաջարկել է ՄԱԿ-ի հովանու ներքո Թուրքիայում անցկացնել խաղաղության խորհրդաժողով Աֆղանստանի վերաբերյալ: Խաղաղության բանակցությունները Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման միջև մեկնարկել են 2020 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում: