«Հրապարակ». Իշխանությունը հնարավոր դաշնակիցների հետ է բանակցում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թեւածում է արտահերթ ընտրությունների ուրվականը։ Թեեւ ո՛չ օրը, ո՛չ մոտավոր ժամկետները հայտնի չեն, բայց պարզ է, որ շատերն են սպասում ընտրություններին ու արդեն քայլեր անում այդ ուղղությամբ։
ԼՀԿ-ն մարզային այցելություններ է անում, ընտրական հանձնաժողովների անդամներ է փնտրում եւ պատրաստում։ Իշխանությունը հնարավոր դաշնակիցների հետ է բանակցում, «տասովշչիկների» հետ է աշխատանք տանում, որոշ կուսակցություններում անգամ ցուցակներ են սկսել կազմել, ռեյտինգային թեկնածուների փնտրտուք է սկսված։
Հավանական թեկնածուները ֆեյսբուքյան գործունեություն են ծավալում՝ Արթուր Վանեցյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրներն ինտենսիվ լուսանկարներ են տարածում։ Ընտանեկան ֆոտոներ, ընկերական անկաշկանդ մթնոլորտում, փողոցում քայլելիս, երեխաների ու թոռնիկների հետ ժամանակն անցկացնելիս»: