Պերուում նախագահի ձերբակալությունից հետո ընտրել են առաջին կին նախագահին
ԱշխարհԴինա Բոլուարտեն, ով նախկինում զբաղեցնում էր Պերուի փոխնախագահի պաշտոնը, Պեդրո Կաստիլյոյի իմփիչմենթից հետո դարձել երկրի նոր նախագահը, հայտնում է El Comercio-ն։
Նշվում է, որ Դինա Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը։ Իր երդմնակալության խոսքում նա դատապարտել է նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել կառավարություն ձևավորելու անհրաժեշտության վրա, որը կներառի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Նախկին նախագահ Կաստիլյոն, ով իշխանության էր եկել 2021 թվականի հուլիսից և պաշտոնանկ արվել Պերուի Կոնգրեսի կողմից, ինչպես հայտնել ենք, ձերբակալվել է՝ «ի վնաս պետության ապստամբություն կատարելու կասկածանքով», ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններին հնարավոր մասնակցության պատճառով։ Պաշտոնից հեռացնելուց մի քանի ժամ առաջ նա հանդես է եկել կոչով, որում հերքել է կոռուպցիոն հանցագործություններ կատարելու բոլոր մեղադրանքները։
Այժմ Կաստիլյոյի՝ ապստամբություն կազմակերպելու և երկրի սահմանադրական կարգի դեմ հանցագործություն կատարելու մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում (Պերուի Քրեական օրենսգրքի 346-րդ հոդված) նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում։