Տղամարդը փորձել է խոսել մեղուների հետ և մահացել նրանց խայթոցներից
ԱյլՀարավային Աֆրիկայում տեղի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ փորձել է մեղուների հետ հնագույն ծես կատարել։ Այս մասին հայտնում է News24-ը։
Դեպքը տեղի է ունեցել Զալարում։ 58-ամյա տղամարդն իր հողատարածքում տեսել է մեղուների պարս և դա ընդունել է որպես ավանդական արարողություն անցկացնելու նշան. որոշ աֆրիկյան մշակույթներում մարդիկ հավատում են, որ իրենց սիրելիները կարող են վերածվել միջատների և մողեսների:
Արարողության էությունն այն է, որ պետք է ինչ-որ ընծա տալ միջատներին։ Հիմնականում հավատացյալներն իրենց հետ բերում են այնպիսի իրեր, ինչպիսիք են գազավորված ըմպելիքը, ամանով շաքարավազը և կոնյակը։ Տեղացիները կարծում են, որ նման դեպքերում միջատներին չի կարելի քշել, քանի որ «նրանք ձեր հյուրերն են»։
Առաջին նվերից հետո հավատացյալը պետք է պատրաստի ավանդական գարեջուր, որի պատրաստումը տեւում է չորս օր։ Երբ տղամարդը փորձել է խմիչքը տալ մեղուներին, նրանք հարձակվել են նրա վրա և սկսել խայթել։ Ավելի ուշ տղամարդը մահացել է։
Մահացածի ընտանիքը կարծում է, որ իրենց ազգականը «ճիշտ է կատարել ծեսը և ոչ մի կերպ չի վիրավորել պարսին»։ Այնուամենայնիվ, համայնքի շամանը հայտարարել է, որ այս ողբերգության պատճառն այն է, որ տղամարդը հավանաբար «սխալ է մեկնաբանել իր նախնիների ուղերձը կամ փորձել է շատ շուտ ազատվել մեղուներից»։
Միջադեպից հետո տեղի իշխանությունները բնակիչներին հորդորել են դիմել մասնագետների՝ տարածքից միջատներին հեռացնելու համար։