ԱԱԾ-ում քննարկվել է անհետ կորած, գերեվարված անձանց հարազատներից ստացված դիմումների ընթացքը
Հասարակություն2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 2022 թվականի վերջին նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էր նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասեն: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ա.Աբազյանի կողմից ներկայացվեց անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը, առանձնացվեցին այն խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Նիստի ընթացքում քննարկվեցին անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքների սոցիալական կարիքներին վերաբերող հարցերը, ԴՆԹ տվյալներով անձանց նույնականացման, անձանց անհետացման հանգամանքների քննությանը վերաբերվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները:
Միաժամանակ հանձնաժողովի նախագահ Ա.Աբազյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 30-ին հանդիպելու է հանձնաժողովին դիմումներ ներկայացրած անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքի անդամների հետ:
Նիստն ավարտվեց հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով՝ հանձնաժողովի հաջորդ նիստին դրանց կատարման արդյունքներն ամփոփելու պայմանով: