Ներքին գործերի նախարարության բավարար համալրվածությունն ապահովվելու է շուրջ 6 ամսվա ընթացքում
ՀասարակությունԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնեց, թե ինչ գործընթացներ են սպասվում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ գործընթացներ են սպասվում ընդունումից հետո, ե՞րբ է լիարժեք գործելու նախարարությունը,Մինասյանը նշեց, որ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին կարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, որից հետո՝ տասնօրյա ժամկետում, վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին գրավոր առաջարկություն, ինչպես նաև հաստատում է Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը:
«Նախարարի նշանակումով ըստ էության տրվում է նախարարության գործունեության մեկնարկը: Ներքին գործերի նախարարը լիազորությունները ստանձնելու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, վարչապետին է ներկայացնում նախարարի տեղակալների և ենթակա մարմինների ղեկավարներ նշանակելու մասին առաջարկություն, իսկ տասը աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է փորձագիտական խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական՝ դրանց համար սահմանելով գործողությունների ժամանակացույց։
Նախարարության կազմի բավարար համալրվածությունն ապահովվելու է շուրջ 6 ամսվա ընթացքում»,- ասաց Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով հստակ սահմանված են գործընթացի սահուն իրականացման համար անհրաժեշտ հաջորդական քայլերը: