Հայտնաբերվել է կարմիրգրքյան քարարծիվ՝ թևի հավանական հրազենային վնասվածքով (տեսանյութ)
ՀասարակությունՀունվարի 2-ին ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:
Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, հյուծված և ջրազրկված է։
Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։
Նշվում է, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։