Մի քանի տոննա անասնակեր տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է
ՀասարակությունԱյսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում «ЗИЛ 130» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և, առաջ ընթանալով, ռեստորանային համալիրի մուտքի մոտ կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Իսկ կողաշրջման հետևանքով բեռնատարում եղած անասնակերը (փլուշ-խաղողի հատիկների հեռացումից մնացած զանգվածը) լցվել ու ողողել է ճանապարհի մի ամբողջ հատված։ Ավտոմեքենայի վրայից էլ պոկվել ու շպրտվել են 3 գազաբալոնններ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, և պարզվում է վարորդի ինքնությունը։