Ամերիկյան Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի դրությամբ աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը։ Վարկանիշի առաջին եռյակը զբաղեցրել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Զեկույցի համաձայն՝ ռազմական հզորության վարկանիշը հաշվարկվում է ավելի քան 60 կատեգորիաների հիման վրա, որոնք ազդում են յուրաքանչյուր երկրի պաշտպանունակության և կրակային հզորության վրա։ Հայաստանը վարկանիշում 102-րդն է, Ադրբեջանը՝ 59-րդը։ Ըստ նույն կազմակերպության ներկայացրած տվյալների՝ 2018 թվականին Հայաստանը 85-րդն էր, իսկ Ադրբեջանը՝ 62-րդը: Նախորդ տարվա կտրվածքով Հայաստանը 94-րդ հորիզոնականում էր: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման հինգ տարիների ընթացքում հայկական ԶՈՒ վարկանիշը նվազել է 17 կետով, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 8 կետով: Այժմ Հայաստանին ԶՈՒ-ն «պատվավոր» տեղ է զբաղեցնում Տանզանիայի և Զիմբաբվեի մեջտեղում:
Ինչպես նշեցինք, ռազմական հզորության գլոբալ ցուցիչը (Global Firepower Index) վարկանիշ է, որը գնահատում է աշխարհի պետության բանակները և գործոնները, որոնք ուղղակի կամ կողմնակի ազդեցություն ունեն երկրի ռազմական հզորության վրա։ Ցուցիչը հաշվարկելիս նկատի է առնվում ավելի քան 50 տարբեր գործոն։ Մասնավորապես, բանակի թիվը, տանկերի, նավերի, ինքնաթիռների և այլ ռազմական տեխնիկայի քանակը, ռազմական ոլորտի ֆինանսավորման մակարդակը, երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը, նավթամթերքների հասանելիությունը և այլ գործոններ, որոնք կարող են ազդել բանակի մարտունակության վրա։ Փաստորեն, թեև Փաշինյանն ու թիմակիցներն ամեն առիթով գլուխ են գովում ԶՈՒ-ում իրականացրած իրենց ռեֆորմներով, հայտարարում են, որ բանակը բարեփոխվում է արևմտյան մոդելի համաձայն, անգամ ԱՄՆ-ից բարձրաստիճան զինվորականներ են հյուրընկալում՝ սերժանտական կորպուսի կատարելագործմանը նպաստելու համար, փաստերը ավելի խոսուն են: Գործող քաղաքական թիմի կողմից ԶՈՒ հեղինակության հետ խաղալու, աննպատակային և պոպուլիստական բարեփոխումներ իրագործելու արդյունքում՝ տարածաշրջանի երբեմնի ամենահզոր բանակն այսօր հասցվել է Տանզանիայի և Զիմբաբվեի ԶՈՒ մակարդակի...