Արևմուտքը թափ է հաղորդում Հայաստանում ուկրաինական սցենարի իրագործմանը
ՎերլուծականԵվրախորհրդարանի նիստում ընդունվել է բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված բանաձևի նախագծում։ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է։ Ըստ նախագծի՝ Եվրախորհրդարանի անդամ պատգամավորներն առաջարկում են դիտարկել հնարավորությունը, որով Հայաստանին կարող է տրամադրվել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Հիշեցնելով, որ Հայաստանը վերանայում է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին դրական արձագանքել Հայաստանի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով իրեն աջակցությունն ցուցաբարելու խնդրանքին։ Բանաձեւում շեշտադրվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։
ԵՄ անդամակցությունը բարդ և երկարատև գործընթաց է։ Նախ դիտարկվում է երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելը։ Սա պահանջում է, որ երկիրը համապատասխանի Կոպենհագենի չափանիշներին, դրանք են՝
- Քաղաքական չափանիշներ՝ կայունություն ինստիտուտներում (օրինակ՝ խորհրդարան, դատական համակարգ), որոնք ապահովում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, փոքրամասնությունների նկատմամբ հարգանք։
- Տնտեսական չափանիշներ՝ գործող շուկայական տնտեսություն և ԵՄ շուկայական ուժերի հետ մրցունակություն։
- Վարչական և ինստիտուցիոնալ չափանիշներ՝ ԵՄ օրենսդրության արդյունավետ իրականացում և անդամակցության պարտավորություն ստանձնելու կարողություն:
Այստեղ անհրաժեշտ է կատարել ևս մեկ կարևոր շեշտադրում․ ԵԽ կողմից ընդունված բանաձևի մեջ բնավ էլ պատահական չէր ՀՀ կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու պատրաստակամության ողջունումը: Ըստ էության, թե՛ այս բանաձևը, թե՛ Արևմուտքի քաղաքականությունը ՀՀ հանդեպ պայմանավորված է հենց ՀՀ ձեռքերով ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու ցանկությամբ և Հայաստանի անվտանգային կամ տնտեսական շահերը այստեղ որևէ կերպ հաշվի չեն առնվում: Հատկապես, երբ նույն ԵՄ–ի կողմից չի առաջարկվում ՌԴ–ի հետ փոխկապակցված տնտեսական և անվտանգային համակարգերի այլընտրանքը: Փաստացի, Արևմուտքը Հայաստանում արագացնում է ուկրաինական սցենարի իրագործումը, այն է՝ տնտեսական, անվտանգային և այլ բլիթներով քաղաքական էլիտային շահագրգռելը և երկիրը սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման նպատակով զոհաբերելը: Հասկանալով հետևանքները՝ Փաշինյանը արդեն իսկ ակնարկել է, որ ԵՄ անդամության հարցը պատրաստվում է լուծել հանրաքվեի միջոցով: Սակայն, այստեղ էլ նա գրեթե շանսեր չունի, քանի որ ՀՀ բնակչության մեծամասնությունն ակնհայտ չի ցանկանում մաս կազմել այս աշխարհաքաղաքական ավանտյուրային: Դիցուք՝ «Գելլափի» վերջին հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների 60 տոկոսը դեմ է ՌԴ–ի հետ հարաբերությունների վատթարացմանը և չի վստահում Արևմուտքին, իսկ հարցվածների 50 տոկոսը դեմ է ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու գնով ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը: