Ռումինիայի ՍԴ-ն չեղարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը
ԱշխարհՌումինիայի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները անվավեր են։ Նոր ընտրությունների ամսաթվերը կհայտարարի կառավարությունը, հայտնում են ռումինական լրատվամիջոցները։
Դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Կլաուս Յոհաննիսը հրապարակել էր գաղտնի տվյալներ, որոնք վկայում էին, որ Ռուսաստանը սոցիալական ցանցերում ծավալուն քարոզչություն է իրականացրել աջակողմյան թեկնածու Կելին Ջորջեսկուի օգտին։
Ջորջեսկուն, ով առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, չէր մասնակցել հեռուստաբանավեճերին, չէր ծախսել նախընտրական քարոզչության վրա և համարվել էր ցածր վարկանիշ ունեցող թեկնածու։ Այնուամենայնիվ, «TikTok» սոցիալական հարթակում երկու շաբաթ առաջ սկսված մեծամասշտաբ քարոզարշավը, ըստ Ռումինիայի հետախուզական ծառայության, իր մեջ ներառել էր շուրջ 25,000 օգտահաշիվներ, որոնք նպաստել էին Ջորջեսկուի հայտնիության աճին։
Կելին Ջորջեսկուն հավաքել էր շուրջ 23 տոկոս ձայն, ինչը նրան առաջատար դարձրեց։
Լիբերալ կուսակցության («Ռումինիայի փրկության միություն») թեկնածու Ելենա Լասկոնին ստացել էր 19 տոկոս ձայն՝ գրավելով երկրորդ տեղը։ Երրորդ տեղում էր սոցիալ-դեմոկրատ թեկնածու, վարչապետ Մարչել Չոլակուն՝ մոտ 18 տոկոսով։
Դատարանի որոշման համաձայն՝ կառավարությունը պետք է հաստատի նոր ընտրությունների անցկացման ժամանակացույցը։