Զելենսկին Փարիզում հանդիպել է Մակրոնի և Թրամփի հետ (տեսանյութ)
ԱշխարհՓարիզում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին հայտնում է RBC–ն։
Ինչպես ասել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը, քաղաքական գործիչները զրուցել են 35 րոպե։
Ուկրաինայի նախագահն իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպումն արդյունավետ է անվանել։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
Զելենսկու խոսքով՝ բանակցությունների թեման եղել է Կիևի և Մոսկվայի հակամարտությունը։
«Նախագահ Թրամփը, ինչպես միշտ, վճռական է տրամադրված։ Շնորհակալություն դրա համար: Նաև շնորհակալություն նախագահ Մակրոնին՝ Փարիզում այս հանդիպումը կազմակերպելու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Քաղաքական գործիչները մտքեր են փոխանակել նաև մարտի դաշտում տիրող իրավիճակի և խաղաղ բանակցությունների հնարավորության շուրջ։ Զելենսկին նշել է, որ կողմերը ցանկանում են ռազմական գործողությունների ավարտ՝ «հնարավորինս արագ» և Ուկրաինայի համար արդար պայմաններով։