Թուրքիան գնահատում է Ռուսաստանի և Իրանի կառուցողական մոտեցումը սիրիական խնդրին․ Ֆիդան
ԱշխարհԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը գնահատում է Ռուսաստանի և Իրանի կառուցողական մոտեցումները Սիրիայում կարգավորման հետ կապված հարցերին։ Այս մասին նա ասել է Դոհայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Երեկ կարևոր օր էր Սիրիայի ապագայի համար: Աստանայի ձևաչափի երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, հավաքվել են՝ քննարկելու վերջին իրադարձությունները: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և Իրանի կառուցողական մոտեցումները: Մեզ հետ էր նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը։ Նա նույնպես հսկայական ներդրում ունեցավ։ Հետո մենք կապեր հաստատեցինք արաբական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Իրաքի, Եգիպտոսի և Հորդանանի հետ։ Մենք նաև շնորհակալ ենք այս եղբայրական երկրներին կառուցողական մոտեցումների համար։ Քննարկումներ ենք անցկացնում նաև ամերիկացիների հետ։ Մենք կշարունակենք համագործակցել տարածաշրջանային և միջազգային դերակատարների հետ Սիրիայի հարցում»,- ասել է նա։