Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ուժեղացման առիթով: Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց գործունեության համար:
«ԱՄՆ–ը խորապես անհանգստացած է ոչ միայն այս ձերբակալություններով, այլև Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության համար, դադարեցնել քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումները, հարգել բոլոր մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կատարել այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն անդամակցելիս»,- գրված է Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարության մեջ: