Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
ԱշխարհԵվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Այդ մասին հայտնել է Հունգարիայի նախագահությունը։
«Մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրել են պատժամիջոցների 15-րդ փաթեթը»,- նշված է Х սոցիալական ցանցում նախագահության տարածած հաղորդագրությունում։
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումներ են մտցվելու նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ (այդ թվում՝ երրորդ երկրներից), որոնք «պատժամիջոցները շրջանցելու միջոցով անուղղակիորեն նպաստում են Ռուսաստանի ուժեղացմանը ռազմական և տեխնոլոգիական ոլորտում»։ Բացի այդ, ըստ Հունգարիայի նախագահության, պատժամիջոցների փաթեթն ուղղված է լինելու երրորդ երկրների նավերի դեմ։
Եվրոպական մամուլը հիշեցնում է, որ այս պատժամիջոցները դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։
Նոյեմբերին Bloomberg-ը, հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկատվության վրա, հայտնել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթում կարող են ներառվել առևտրային լրացուցիչ սահմանափակումներ, ինչպես նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի ավելացում։ Հունգարիայի նախագահության հաղորդագրությունում այդ մասին ոչինչ չի նշվում։