Իրանի արտգործնախարարը ասել է՝ ինչ հետևանքներ կունենան Վաշինգտոնի հետ բանակցությունները
Իրան
ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում ստիպել Իրանին կապիտուլյացիայի ենթարկել՝ իր հետ նոր գործարք կնքելով, Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությանը։ Ամենահետաքրքիրն այն է, որ միաժամանակ ստորագրելով Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու մասին հրամանագիրը, նա հայտարարություններ արեց բանակցությունների պատրաստակամության մասին, նպատակը մեզ մոլորեցնելն է։ Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարենք ճնշման տակ։ Այստեղ տրամաբանություն կա՞: Ո՞ր խելամիտ մարդը կհամաձայնի ճնշումների ու սպառնալիքների տակ մտնել բանակցային գործընթացի մեջ։ Նրանց նպատակն այս բանակցություններում կապիտուլյացիան է։ Իրանը երբեք չի հանձնվի»,- մեջբերում է նախարարի մամուլի ծառայությունը։
Արաղչին Թեհրանում ելույթ է ունեցել Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։
