Իրանը ունի հստակ դիրքորոշում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի փոխարտգործնախարար
Իրան
Հինգշաբթի օրը Իրանի փոխարտգործնախարար Թեհրանում ելույթ ունենալով Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ՝ մատնանշել է Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքի անփոփոխության վերաբերյալ իր դիրքորոշմանը։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Թախտ-Ռավանչին կրկնել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը: Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերությունների ընդլայնմանը, ընդգծել է նա։
Իրանում ՀՀ դեսպանն իր հերթին շնորհավորել է Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ և հայտարարել, որ Իրանի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորացումը առաջնային նշանակություն ունի Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և տարածաշրջանային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
