Շիրակի մարզում 22-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և մետաղյա ճաղավանդակներին
Արտակարգ Պատահար
Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արամ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 72 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, մետաղյա ճաղավանդակներին, ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արամ Ա․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։
