Ադրբեջանում բանտարկված բլոգերը խնդրանքով դիմել է Փաշինյանին
Քաղաքական
Ադրբեջանում պետական դավաճանության համար բանտարկված ակտիվիստ, բլոգեր Բահրուզ Սամադովը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հերքել լուրերը, թե ինքը համագործակցել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ։
«Պարոն վարչապետ,
Խնդրում եմ անկեղծորեն շարունակել հետևել խաղաղության օրակարգին նվիրվածության ուղուն, անել հնարավոր ամեն ինչ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու համար և ձեռնարկել գործնական քայլեր՝ ապագա համակեցության հնարավորությունը իրականություն դարձնելու համար։ Կայուն խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է արժեքներ կառուցեն՝ հիմնված ընդհանուր աշխարհագրության և համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այս արժեքները պետք է հիմնված լինեն բռնության միանշանակ մերժման վրա։
Ավելին, հարգանքով խնդրում եմ Ձեզ պաշտոնապես և հիմնավոր կերպով հայտարարել, որ ես երբեք որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում կողմերի միջև նոր շփումները կհանգեցնեն իմ ազատ արձակմանը և վերջ կդնեն «խաղաղության գերու» կարգավիճակիս։
Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային պահանջներից և կենտրոնանան համակեցության և բարիդրացիության մոդելների վրա հետհակամարտական շրջանում», - ասվում է նամակում։
