Վիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվել
Այլ
Վիտամին C-ն կարող է նվազեցնել ստամոքսում պոտենցիալ քաղցկեղածին նյութերի առաջացումը՝ նիտրատներ և նիտրիտներ պարունակող մթերքների մարսման ընթացքում։ Այս եզրակացությանն են հանգել Վաթերլոյի համալսարանի հետազոտողները՝ ստեղծելով սննդի ընդունումից հետո օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների մաթեմատիկական մոդել։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Theoretical Biology գիտական ամսագրում։
Նիտրատներ և նիտրիտներ պարունակվում են, մասնավորապես, վերամշակված մսամթերքում՝ բեկոնում և սալյամիում, ինչպես նաև որոշ բանջարեղեններում։ Օրգանիզմ ներթափանցելուց հետո նիտրատները բերանի խոռոչի բակտերիաների ազդեցությամբ կարող են վերածվել նիտրիտների։ Ստամոքսի թթվային միջավայրում նիտրիտները մասնակցում են նիտրոզացման ռեակցիաներին, որոնց արդյունքում առաջանում են N-նիտրոզոմիացություններ։ Դրանցից մի քանիսը համարվում են պոտենցիալ քաղցկեղածին։
Հետազոտողները մշակել են դինամիկ մոդել, որը հաշվի է առնում նիտրատների և նիտրիտների տեղաշարժը թքի, ստամոքսի, բարակ աղիքի և արյան միջոցով, ինչպես նաև սննդի ընդունումից հետո ստամոքսի թթվայնության փոփոխությունները։ Մոդելավորումը ցույց է տվել, որ վիտամին C-ն կարող է ճնշել նիտրոզացման ռեակցիաները։
Հատկապես հետաքրքիր է եղել վիտամինի ընդունման ժամանակի ազդեցությունը։ Հաշվարկների համաձայն՝ վիտամին C-ի հավելումները կարող են որոշակիորեն նվազեցնել պոտենցիալ վնասակար միացությունների առաջացումը, եթե դրանք ընդունվեն սնվելուց կարճ ժամանակ անց։ Միևնույն ժամանակ, վիտամին C-ն բնականորեն պարունակվում է նիտրատներով հարուստ որոշ մթերքներում, օրինակ՝ տերևավոր բանջարեղենում։
«Հետազոտության առաջին հեղինակ Գորդոն ՄաքՆիքոլի խոսքով՝ սննդակարգում վիտամին C-ի առկայությունը կարող է մասամբ բացատրել նիտրատների և նիտրիտների՝ քաղցկեղի հետ կապի վերաբերյալ նախկին հետազոտությունների հակասական արդյունքները»,- նշվում է հետազոտության մեջ։
Սակայն գիտնականները դեռևս չեն ստուգել այս ազդեցությունը կլինիկական փորձարկումների միջոցով։ Հետազոտությունը հիմնված է համակարգչային մոդելավորման վրա և բացահայտում է հնարավոր մեխանիզմը, սակայն չի ապացուցում, որ վիտամին C-ի ընդունումն ուղղակիորեն նվազեցնում է քաղցկեղի զարգացման վտանգը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար