Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգը
Գիտություն և Մշակույթ
Թեյի կանոնավոր օգտագործումը կապված է սրտի և անոթների հիվանդությունների զարգացման վտանգի 11 տոկոս նվազման հետ։ Սակայն ըմպելիքի ջերմաստիճանը նույնպես կարող է նշանակություն ունենալ. չափազանց տաք թեյ նախընտրող մարդկանց շրջանում նման հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծանում է։ Այս մասին վկայում են Journal of Internal Medicine գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։
Հետազոտողները շուրջ ինը տարի հետևել են Չինաստանի 485 934 չափահաս բնակչի առողջական վիճակին։ Այդ ընթացքում մասնակիցների շրջանում արձանագրվել է անոթային հիվանդությունների 14 863 դեպք, այդ թվում՝ սրտի և գլխուղեղի անոթների հիվանդություններ, սիրտ-թոքային անբավարարություն և ծայրամասային զարկերակների հիվանդություններ։
Ընդհանուր առմամբ, թեյի կանոնավոր օգտագործումը կապված է եղել այս հիվանդությունների զարգացման վտանգի 11 տոկոս նվազման հետ՝ համեմատած թեյ չօգտագործող մարդկանց հետ։ Առավել բարենպաստ ցուցանիշներ են արձանագրվել այն մարդկանց շրջանում, որոնք թեյ են խմել շաբաթական առնվազն մեկ անգամ և օրական օգտագործել շուրջ վեցից ութ բաժակ։
«Ազդեցությունը տարբեր է եղել նաև՝ կախված ըմպելիքի տեսակից և թնդությունից։ Սև թեյի օգտագործումը կապված է եղել հիվանդությունների զարգացման վտանգի ավելի զգալի նվազման հետ, քան կանաչ թեյինը։ Միևնույն ժամանակ, չափավոր թունդ թեյի ազդեցությունը համադրելի է եղել ավելի թունդ ըմպելիքի ազդեցության հետ»,- նշվում է հետազոտության մեջ։
Սակայն ըմպելիքի ջերմաստիճանը կարող է փոխել պատկերը։ Այն մասնակիցների շրջանում, որոնք իրենց թեյը բնութագրել են որպես «այրող աստիճանի տաք», անոթային հիվանդությունների զարգացման հարաբերական վտանգը 16 տոկոսով ավելի բարձր է եղել, քան ընդհանրապես թեյ չխմող մարդկանց շրջանում։
Հետազոտողները թեյի հնարավոր պաշտպանիչ ազդեցությունը կապում են պոլիֆենոլների, այդ թվում՝ ֆլավոնոիդների հետ։ Բուսական ծագման այս միացություններն օժտված են հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով ու կարող են ազդել արյունատար անոթների վիճակի վրա։
Միևնույն ժամանակ, հետազոտությունը դիտողական բնույթ է կրել և հիմնված է եղել մասնակիցների՝ իրենց սովորությունների վերաբերյալ տրամադրած տվյալների վրա։ Այն ցույց է տալիս թեյի օգտագործման և առողջական վիճակի միջև առկա կապը, սակայն չի ապացուցում, որ թեյն ուղղակիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար