«Գնամ, գամ, որ 23-ամյակս Բաքվում նշենք». զոհված Զաքար Սերոբյանի վերջին խոսքերն են՝ կամավոր առաջնագիծ մեկնելուց առաջ
ՀասարակությունՍեպտեմբերի 29-ին՝ զորացրվելուց 1 տարի 9 ամիս հետո, Զաքարը կամավոր գնաց առաջնագիծ՝ ասելով՝ «գնամ, գամ, որ 23-ամյակս Բաքվում նշենք»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Զաքար Սերոբյանի մորաքրոջ աղջիկը՝ Եվա Մակարյանը:
«Մենք քույր, եղբայրներով շատ կապված էինք միմյանց, բայց Զաքարը մեզ կիսատ ու մենակ թողեց: 2 հարազատ եղբայր ունի, ինքը՝ միջնեկն էր, շատ նպատակներ ուներ: Մենք միշտ միասին էինք. սա է պատճառը, որ ես ասում եմ՝ Զաքարը հարազատ եղբայրս է»,- ընդգծում է Եվան:
Եվան պատմում է, որ Զաքարը հրամանատարի կողքին լինելու համար 2-րդ գծից գնացել է առաջնագիծ ու հերոսացել. «Շատ հայրենասեր էր, միշտ ազգագրական երգեր էր լսում ու զուգահեռ երգում»:
Զաքարը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Նա ծնվել ու մեծացել էր Երևանում․ «Զաքարը շատ ընկերներ ունի, զինակից ընկերները նրան անվանում էին «փոքրիկ սպարապետ», որովհետև ժպիտը շատ նման էր Վազգեն Սարգսյանի ժպիտին ու նաև նրա պես արագ էր խոսում»,- իր հիշողություններով կիսվում է հերոսի քույրը:
Զաքարի մայրը մահացել է 7 տարի առաջ: Եվան պատմում է, որ Զաքարը վերջին անգամ խոսել է մորաքրոջ հետ ու ասել՝ «Ամեն ինչ լավ ա, ես լավ եմ, ջիգյարս»: «Ջիգյարը Զաքարի սիրած բառն էր, մեզ միշտ այդպես էր դիմում»,- ավելացնում է Եվան:
Նշենք, որ Զաքարը հերոսացել է ծննդյան օրը՝ հոկտեմբերի 11-ին:
Արփինե Հակոբյան