Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին
ԻրավունքԳործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը 2008թ․ խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Նա, անդրադառնալով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործին՝ նշեց, որ 2008-ին իր բաժնեմասերի մի մասը վաճառել է արաբներին, սակայն որպեսզի իրեն չխանգարեն, խոշոր գումար է տվել վերոնշյալ անձանց:
Համբարձումյանը նշեց, որ Մայրապետյանը որպես միջնորդ է հանդես եկել:
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Համբարձումյանի խոսքերը հերյուրանք և սուտ որակեց․ «Դա կեղտոտ սուտ է, քանի որ նման բան տեղի չի ունեցել: Մենք դատական գործընթաց ենք սկսելու Համբարձումյանի դեմ և պահանջելու ենք, որպեսզի հայտարարությունը հերքվի և ներողություն խնդրվի պարոն Քոչարյանից այդ հերյուրանքի համար»,- նշեց նա:
Սողոմոնյանը շեշտեց՝ պատրաստվում են հնարավորինս արագ դատական հայց ներկայացնել Համբարձումյանի դեմ․ «Փաստաբաններն արդեն ուսումնասիրում են, թե ինչ ճանապարհով է դա լինելու, որպեսզի մեր պահանջը կատարվի»,- ասաց նա։
Սոնա Հարությունյան