Վրաստանով ապրանքի ներմուծման պրոցեսում մենք բանակցային կողմ չենք. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական«Ինձ զեկուցել են, որ ճանապարհաշինության ոլորտում մենք գերակատարել ենք և բազմաթիվ խնայողություններով շատ մեծ թվով ճանապարհներ ենք վերանորոգել, քան նախատեսված էր բյուջեով: Սակայն մենք ունենք երեսպատման հետ կապված խնդիր և կարող եմ հստակ ասել, որ կառուցված և շահագործված ճանապարհները չեն համապատասխանում որակական չափանիշներին՝ հատկապես ցեմենտի և բետոնի որակի առումով»,-այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ փորձաքննություններ են արվում՝ հասկանալու համար՝ ինչպես շարունակել այդ ճանապարհների աշխատանքները:
Ըստ Փաշինյանի՝ աշխատանքների բարձր որակը աշխատանքի քաջալերման տրամաբանության մեջ է, ինչը պետության պարտավորությունն է:
Փաշինյանն այնուհետև անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե խոսվում է մոնոպոլիաների վերացման մասին, սակայն կան մարդիկ, որոնք ապրանքների ներմուծման ժամանակ Վրաստանում արգելքների են հանդիպում, նշեց. «Այո՛, կան նման խնդիրներ: Ես հույս ունեմ, որ մենք հաջողութուն կունենանք: Սակայն միայն կարող եմ ասել, որ այդ պրոցեսի մեջ մենք բանակցային կողմ չենք, բանակցային կողմերն են Վրաստանը, Ռուսաստանն ու շվեցարական ընկերությունները»:
Վերջում Փաշինյանը հավելեց, որ անընդհատ բարձրացնում է այդ խնդիրը և հույս ունի, որ առաջիկայում կտրվեն լուծումներ: