Հունվարի աստղաբաշխական թվերը. բնակիչներն ահազանգում են, ՀԷՑ-ն ու «Գազպրոմը»՝ պարզաբանում
ՀասարակությունՎերջին շրջանում կրկին հնչում են բողոքներ՝ կապված գազի և լույսի ամսական ծախսի անսպասելի տատանման հետ: Մարդիիկ նշում են, որ խոսքը ոչ թե մի քանի հազար դրամին է վերաբերվում, այլ՝ տասնյակ հազարների: Մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները ահազանգում են, որ գազի և լույսի հունվար ամսվա ծախսը կազմել է սովորականից 10.000-20.000 և ավելի դրամ:
Ուշագրավ է նաև այն, որ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան փողոցի բնակիչ տիկին Քնարի լույսի ծախսը կազմել է 90.000 դրամ, այն դեպքում, երբ նա միայնակ է բնակվում և սովորաբար, ամսական վճարը չի գերազանցում 20.000 դրամը:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստացանք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից: ՀԷՑ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նատալյա Սարջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց, որ ստանում են ընթացիկ դիմումներ. «Իրականում դիմումները չեն շատացել, սա սովորական երևույթ է, քանի որ Ամանորին շատերը տանն են մնում, հոսանքը շատ են օգտագործում, ամանորյա ուտեստներն են պատրաստում, այդ իսկ պատճառով էլ գումարը մի փոքր տարբեր է լինում»:
Մեր այն դիտարկմանը, թե այդ նույն պարագայում էլ կարող է նույն խնդիրն առաջանալ ամռանը, երբ մեկ շաբաթվա փոխարեն 2 ամիս մարդիկ տանն են լինում, ՀԷՑ-ի մամուլի պատասխանատուն պատասխանեց. «Նույն խնդիրն, իրականում, եղել է նաև ամռանը, դրա պատճառը եղել են օդորակիչները, երբ շատ են օգտագործել նախատեսվածից և ծախսը շատ է կազմել»:
Կրկին մեր այն դիտարկմանը, թե ինչ կասեն 90.000 ավել ծախսը, Նատալյա Սարջանյանը նշեց, որ մասնավոր հաշվիչի անսարքությունից կարող է լինել և հավելեց, որ կզբաղվեն այդ խնդրով. «Ինչպես այս, այնպես էլ ցանկացած բաժանորդի պարագայում, պատրաստ ենք ուսումնասիրել խնդիրները, եթե իրոք առկա են, և լուծման ճանապարհներ առաջարկել»:
Պարզաբանում ստացանք նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից: ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Միխայիլ Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հիմնական գործոնը պայմանավորված է օդի ջերմաստիճանով, և դրանով պայմանավորված էլ մեծանում են բնակարանների և տների արտաքին պատերից ջերմային կորուստները:
«Այդ կորուստները պետք է փոխհատուցվեն ավելի շատ քանակությամբ գազի սպառման ծավալով, իսկ ինչ վերաբերում է բողոքներին, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր բողոքին անհատապես անդրադառնալ՝ բաժանորդներին ներկայացնելով իրենց սպառման էպիկրիզները, մեր բաժանորդները կարող են մեզ դիմել թեժ գծի միջոցով: Ջեռուցման շրջանում են հիմնականում այս բողոքները հնչում»,- մանրամասնեց Միխայիլ Հարությունյանը:
Այն դիտարկմանը, թե ահազանգեր եղե՞լ են, մեր զրուցակիցը նշեց, որ 2-3 զանգ է եղել և բնակչներն ստացել են սպառիչ պատասխաններ:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ