Կգնա՞ Վրաստանը ՌԴ-ի հետ նոր ռազմական բախման՝ 2008 թ․ հնգօրյա պատերազմից հետո․ վրացագետի դիտարկումները
Արտաքին Քաղաքական2008 թ․ տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա հակամարտությունից (օգոստոսի 7-12-ը) կամ, ինչպես ընդունված է ասել նաև, 21-րդ դարի առաջին միջեվրոպական պատերազմից 14 տարի անց, Վրաստանում ուշագրավ հայտարարություններ են արել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը մտադիր է խաղաղ ճանապարհով միավորել երկիրն ու վերականգնել տարածքային ամբողջականությունը՝ իր կազմ վերադարձնելով Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնց անկախությունը պատերազմից հետո ճանաչել է ՌԴ-ն։
Հարցին, թե արդյո՞ք Կովկասում պատերազմի նոր օջախի բռնկման վտանգ չկա, հատկապես, որ ռուս-հարավօսական հակամարտությունը սկսվեց հենց այդ ոճի հայտարարությունից ժամեր անց, ԼՈՒՐԵՐ․сօm-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց հետևյալը․
«Ղարիբաշվիլիի հայտարարությունն արվել է Վրաստանի ներքին քաղաքական դիսկուրսի շրջանակում։ Գաղտնիք չէ, որ այդ երկրի գործող իշխանությունները վերջին շրջանում քննադատության են ենթարկում ընդդիմադիր շրջանակներին, ինչպես նաև արևմտյան որոշ վերլուծաբաններին ու փորձագետներին, որոնք ամեն կերպ փորձում էին Թբիլիսին ներքաշել նոր հակամարտության մեջ՝ որպես Ուկրաինայում ընթացող պատերազմին զուգահեռ, այսպես կոչված, երկրորդ ճակատ»։
Մեր զրուցակիցը, սակայն, համոզված է, որ Վրաստանն այդպիսի քայլի չի գնա՝ առաջին հերթին նպատակ ունենալով հեռու պահել երկիրը տնտեսական ու քաղաքական ցնցումներից։
«Ղարիբաշվիլիի հայտարարությունն արտահայտում է Վրաստանի քաղաքական դիրքորոշումը, այն է՝ արտաքին հարաբերությունները կառուցելիս ապավինել գերազանցապես դիվանագիտական, խաղաղ կուրսին»,- ընդգծեց Ջոնի Մելիքյանը։
Վրաստանն այսօր ավելի զգուշավոր է դարձել և կարելի է ասել՝ դասեր է քաղել ուկրաինական պատերազմից, շեշտեց վրացագետը։
Զրուցեց՝ Արա Ալոյանը