Ժողովրդին դժվար չեղավ փողոց հանել... Ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ ազնիվ բաներից էինք խոսում...
Գիտություն և ՄշակույթՍկիզբը՝ «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը», «Մեր դեմ խաղ չկա...». Ալեքսանդր Թոփչյան», «Մի՞թե չէիր կարող ինձ արարել որպես մի ավարտուն, մի ամբողջական տականք ...», «Թղթախաղիս պարտքերը վճարելու համար սկսեցի կաշառք վերցնել»:
Մեղքերի մեջ թաղվելը գոնե մի բանով օգտակար եղավ ինձ համար. «Այնտեղ» կարծես մոռացան իմ գոյության մասին, եւ դա հասկանալի էր. այդ վիճակում ես ինչպե՞ս կարող էի նրանց օգտակար լինել... Ես արդեն ուրիշ հայացքով սկսեցի նայել իմ մոլություններին...
Դրանք իմ փրկարարներն էին, չէ՞ որ դրանց շնորհիվ կարողացա օձիքս ազատել իմ «հովանավորներից»... Հետաքրքրական է, Տեր, կարո՞ղ ես արդյոք բացատրել, թե սատանայի մի որոգայթով ինչպե՞ս են ազատվում նրա մյուս որոգայթից...
Ես վերջնականապես անասնացել էի եւ հոգու կատարյալ անդորր էի վայելում... Այլեւս չգիտեի, թե ինչ բան է խղճի խայթը... Հարբեցողությունը, խաղամոլությունը եւ կաշառքն ինձ համար անմեղ բաներ էին, մանավանդ վերջինը, որ դարձել էր համաժողովրդական զբաղմունք...
Սակայն միայն ես չէի, բոլորն էին խրված կեղտի մեջ, ամբողջ հասարակությունը, ամբողջ երկիրը... Հատուկենտ մարդիկ կային, որ մնացել էին մաքուր... Եվ հենց դրանք էին անհանդուրժելի... Նրանք զրկված էին, մեկուսացված ամեն ինչից, հեռացված բոլոր քիչ թե շատ կարեւոր պաշտոններից, սակայն նրանց լուռ ներկայությունն անգամ ծանր մեղադրանք էր ամբողջ հասարակության համար: Մենք՝ մանր ու մեծ սրիկաներս, խորապես ատում էինք դրանց, ամենազազրելի ստերը տարածում, ծաղրական մականուններ դնում, առիթը չէինք փախցնում նրանց վնասելու, ամենաստոր բաներն անելու... Եթե ճար ունենայինք, հաց ու ջրից էլ կզրկեինք...
Մեղքս ինչ թաքցնեմ, Տեր, տանել չեմ կարող մաքուրներին, ազնիվներին... Քիչ է մնում դրանց շլնքից բռնեմ եւ թաթախեմ կղկղանքի մեջ... Ու ասեմ՝ դե կե՛ր, դե կե՛ր, մաքուր ես, հա՞... Էլ սրանից հետո մեծ-մեծ չբրդես...
Սակայն շուտով ժամանակն ինքը պիտի իրագործեր իմ այդ բաղձանքը... Փոփոխություններ էին սկսվել պետության մեջ... Օր չկար, որ մի շշմեցնող լուր չհասներ հսկա երկրի տարբեր անկյուններից... Պետության առաջին դեմքերն ասում էին բաներ, որոնց համար նախկինում առանց դատ ու դատաստանի կարող էին բանտ կոխել... Թերթերը սոսկալի հոդվածներ էին տպագրում... Ինչ-որ մի ձեռք տակնուվրա էր անում հասարակությունը... Այլեւս ոչ մեկի բերանը փակել չէր լինի. ասում էին՝ ինչ մտածում էին, եւ ավելի շատ՝ ինչը չէին մտածում... Օդն անգամ լցված էր փոփոխություններով...
Եվ ամբոխը, ներողություն, ժողովուրդը լցվեց փողոց... Բայց դա հետո եղավ... Դրանից առաջ իմ հրեշտակները հայտնվեցին անսպասելի, իմ տերերը, որոնց գոյությունը գրեթե մոռացել էի... Նրանց հայտնվելն ինձ, իհարկե, չզարմացրեց... Այս թոհուբոհի մեջ նրանք պիտի որ մշտական ու ճշգրիտ տեղեկությունների կարիք ունենան... Սակայն ես պիտի շատ զարմանայի...
Նրանք, ովքեր սարսափազդու պետության կողմից նշանակված էին հետեւելու, որ հասարակության մեջ եւ մանավանդ մարդկանց գլուխներում ամեն ինչ անփոփոխ մնա, իմ առջեւ նստած խոսում էին փոփոխությունների անհրաժեշտության մասին... Իսկ նրանցից մեկն անգամ այսպես բարբառեց. «Պետք է ժողովուրդն իր ճակատագրի տերը դառնա»:
Ես մի բան հասկացա, որ եթե եկել են ինձ նման ստահակի մոտ, ապա իմ կարիքն ունեն, ուրեմն, կարող եմ նազուտուզ անել, ինձ թանկ ծախել... Վերջապես, արժանապատիվ վրդովմունքով հրաժարվել... Չէ՞ որ նոր ժամանակներ էին սկսվել... ( Հեգնանքով ): Խոսքի ազատությո՜ւն, մարդու իրավունքնե՜ր... Սոցիալական հավասարությո՜ւն... Բարոյականությո՜ւն... Արդարությո՜ւն...
Այո, Տեր, եթե այդ ազնիվ գաղափարներն իսկապես ուզում էին կյանքի կոչել, ինչո՞ւ չգնացին մաքուր մնացած այն հատուկենտ մարդկանց մոտ, այլ եկան ինձ մոտ (իսկ թե ես ինչ արարած եմ, նրանք հրաշալի գիտեին): Նրանց վերջնական նպատակը դեռեւս չէի կարող կռահել, բայց խաղամոլի իմ հոտառությամբ անմիջապես զգացի, որ մութ հաշիվներ ունեն, եթե իմ կարիքն են զգում եւ որ մեջտեղը մեծ խաղագումար կա...
Ժողովրդին դժվար չեղավ փողոց հանել... Օ, ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ ազնիվ բաներից էինք խոսում... Ինչպե՜ս էինք բորբոքում ժողովրդի վսեմ զգացմունքները... Ինչպիսի՜ անգթությամբ եւ չարամտությամբ էինք աղ լցնում նրա չսպիացած վերքերին... Եվ տասնյակ տարիների ընթացքում մեղքին ու ապօրինություններին հաշտված ամբոխը հավատաց մեզ, բառացիորեն աչքի առջեւ, մի քանի օրում մաքրվեց ու դարձավ ժողովուր` բառիս ամենավսեմ իմաստով...
շարունակելի
Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ