Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները դադարեցվել են
ՀասարակությունԵրևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները դադարեցվել են: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: «Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»,-տեղեկացրին կոմիտեից, հավելելով, որ քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում:
Քաղաքաշինության կոմիտեից վստահեցնում են, որ արձանի տեղադրման աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները: Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը:
Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցը ընդգրկվել էր նաև Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում:
Առաջարկությունը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովում, տրվել էր դրական եզրակացություն, նյութերը տրամադրվել էին ավագանու բոլոր անդամներին: Նախագծի փաթեթի վերաբերյալ առաջացած բոլոր հարցերը քննարկվել էին քաղաքապետարանում:
Օրակարգում ընդգրկված հարցին դեմ էր քվեարկել «Ելք» խմբակցությունը, իսկ «Երկիր ծիրանի» խմբակցությունն էլ ընդհանրապես չէր քվեարկել: