Գալիս ենք կանխելու կառավարության «ափռ-ցփռ» խոսալը. «Սասնա Ծռեր»
Քաղաքական«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավը մեկնարկել է Ազգային ժողովի բակից։ Կուսակցության առաջին համար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ քարոզարշավն այստեղից սկսելը հատուկ խորհուրդ ունի․ «Վերջապես, մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլելու մեր ժողովրդի կամքը»,-ասաց նա։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ «Սասնա Ծռերը» գալիս է թույլ չտալու որևէ մեկին տարածքները հանձնել՝ լինի լեգիտիմ իշխանություն, թե՝ ոչ լեգիտիմ:
«Բոլորը քաղաքական դաշտում պետք է խելոքանան: Մենք գալիս ենք քաղաքական դաշտը քաղաքական թափոններից ազատելու, գալիս ենք վերահսկելու կառավարությունը, ուզում եմ կառավարության անդամներին զգուշացնել՝ դուք ժողովրդի ծառան եք: Մենք կհետևենք ձեզ, ափռ-ցփռ խոսալը կկանխենք: Նաև գալիս ենք աջակցելու կառավարությանը մեր գաղափարներով: Մենք գալիս ենք, որ ԱԺ-ում բախվեն գաղափարները, ոչ թե փողի տոպրակները, որ ունենանք նորմալ ԱԺ, ոչ թե խուլիգանները նստեն պատգամավորի աթոռներին»,- ընդգծեց նա: