Արամ Հարությունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
ԻրավունքԲնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Հունան Տեր–Վարդանյանը:
Պաշտպանի փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանին կալանավորելու միջնորդության հարցը երեկ երեկոյան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում արդեն իսկ քննարկել է, իսկ վերջնական որոշման մասին կհայտարարվի այսօր՝ ժ.13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:
Այն հարցին, թե պաշտպանական կողմը Արամ Հարությունյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն պատրաստվո՞ւմ է ներկայացնել դատարան, պաշտպանը նշեց, որ չեն ներկայացնելու:
Կրկին մեր այն հարցին, թե Հարությունյանն այս պահին երկրո՞ւմ է, թե՞ ոչ, վերջինիս պաշտպան Հունան Տեր–Վարդանյանն ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Արամ Հարությունյանը Հայաստանում չէ:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն երեկ հաղորդում է տարածել, ըստ որի՝ ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար։
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ