ՊԵԿ-ում տգիտություն է տիրում. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ ստացած նամակի մասին
ՀասարակությունԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նախ տգիտություն որակեց ՊԵԿ-ից ստացած նամակը: Նրան վրդովվեցրել է այն, որ պետական կառույցը չի տիրապետում ամենապարզ բաների. «Ստացած նամակում ազգանունս տառասխալով է գրված (Աջսպահյան), հետո ես վաղուց Գևորգը չեմ. 31 տարի է իր ավազանի անունը փոխված է, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցին ոչ թե տնօրեն է ունենում, այլ՝ ունի առաջնորդ: Իսկ Մայիսյան Ապստամբության 1 հասցե 30 տարի է Գյումրիում գոյություն չունի»,- ասաց սրբազանը։
Աջապահյանի խոսքով՝ ուղարկված նամակից ոչինչ չի հասկացել և ցանկությունն էլ չունի խորանալու անգրագետ բովանդակության մեջ. «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հասարակական կազմակերպություն չէ և ոչ էլ իրավաբանական անձ: Իրավաբանական անձ է հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Ո՞նց կարող է պետական կառույցում նման տգիտություն լինել»,- իր վրդովմունքը հայտնեց նա։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից, սակայն այստեղից փոխանցեցին, որ քիչ հետո հաղորդագրություն կներկայացնեն և կտրուկ հրաժարվեցին մեր հարցին պատասխանել: Հավանաբար ՊԵԿ-ում չեն կողմնորոշվել դեռևս, թե ինչպես պետք է պատասխանեն Աջապահյանի մատնանշած տգիտությանը:
Սոնա Հարությունյան